կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-09-23 20:07
Հասարակություն

Թուրքական մասնավոր ինքնաթիռ է Երևան վայրէջք կատարել. ՔԱԿ-ը պատասխանի որոնումների մեջ է

Թուրքական մասնավոր ինքնաթիռ է Երևան վայրէջք կատարել. ՔԱԿ-ը  պատասխանի որոնումների մեջ է

Flightradar24-ի տվյալներով, այսօր՝ սեպտեմբերի 23-ին, Անկարայից Երևան չարտերային թռիչք է իրականացվել:

Ադրբեջանական լրատվամիջոցներից մեկը Flightradar24-ին հղում անելով, գրել էր, թե «թուրքական մասնավոր ինքնաթիռ է Երևան վայրէջք կատարել»:

168.am-ը փորձեց ՀՀ  քաղաքացիական ավիացիայի կոմիտեից (ՔԱԿ) ճշտել՝ թուրքական ի՞նչ մասնավոր ինքնաթիռ է չարտերային թռիչք կատարել դեպի Երևան և ի՞նչ նպատակով:  Կոմիտեից մեզ խոստացան ճշտել տեղեկությունը և հետ զանգահարել, սակայն, մոտ 1 ժամ անցավ, և ոչ մի զանգ, ավելին, անգամ մեր զանգերը մնացին անպատասխան:

Ավելի ուշ ՀՀ  քաղաքացիական ավիացիայի կոմիտեից մեզ առաջարկեցին հարցը գրավոր ուղարկել: Մենք, իհարկե, կհետևենք այս «հորդորին», քանի որ այս օրերին, երբ ակտիվացել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման թեման, առավել քան երբևէ հետաքրքիր է՝ արդյո՞ք թուրքական մասնավոր ինքնաթիռով Երևան դրական նոր ազդակներ են «փոխանցվել»:

Բայց Քաղավիացիայի կոմիտեի այս խորհրդավոր հապաղումը, իհարկե, հարցեր է առաջացնում: Թուրքիայից Հայաստան մեր օդային սահմանը բաց է, և թուրքական մասնավոր ինքնաթիռների չարտերային թռիչքներ դեպի Հայաստան կարող են իրականացվել (Այլ հարց է, թե ինչո՞ւ է հիմա այդ տարածքը բաց): Հարցն այստեղ այն է, որ ՔԱԿ-ից հարցի գրավոր ձևակերպման պահանջը ողջամիտ կասկածներ է առաջացնում առ այն, թե, ի վերջո, ո՞վ կամ ովքե՞ր են եղել այդ ինքնաթիռում, և ի՞նչ նպատակով են եկել մեր երկիր, հատկապես որ այդ, թվում է, թե աննշան լուրը հայտնվել է նաև ադրբեջանական քարոզչամիջոցների ուշադրության կենտրոնում:

Աղբյուրը՝  168.am