Ազգային ժողովի փոխխոսնակի դերը ընդդիմության համար կարևոր լծակներից է, որը կծառայի «Հայաստան» դաշինքի օրակարգին. այս մասին այսօր՝ օգոստոսի 3-ին, լրագրողների հետ զրույցում նշեց Ազգային ժողովի «Հայաստան» դաշինքի փոխխոսնակի թեկնածու Իշխան Սաղաթելյանը։
«Երբ իրենց կուսակցության ղեկավարը նորից գա ԱԺ ու մատ թափ տա պատգամավորների վրա, ես անմիջապես կօգտվեմ արտահերթ խոսքի իրավունքից և կասեմ այն, ինչ պետք է ասեմ։ Ես ոչ ծառայողական մեքենայի կարիք ունեմ, որովհետև դրանից լավն ունեմ, ոչ հարմարավետ սենյակի, ոչ էլ ինձ համար հարմարավետ է վերևում նստելը։ Բայց վստահ եղեք, որ այդ լծակը ծառայելու է մեր օրակարգին»,- ասաց նա։
Սաղաթելյանի խոսքով՝ իր առաջադրման պատճառներից մեկն այն էր, որ կային տեղեկություններ, որ իշխանությունը դեմ է իր առաջադրմանը։
«Սա շատ պարզ հայտարարում եմ։ Որևէ բանակցություն իշխանության հետ չկա։ Մենք չենք կարող բանակցել այս իշխանության հետ, որի օրոք կորցրել ենք Արցախի 75 տոկոսը, տվել ենք զոհեր, իսկ այսօր էլ Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը վտանգի տակ է։ Մենք չենք կարող հաշտ և համերաշխ լինել այս իշխանության հետ»,- ընդգծեց Իշխան Սաղաթելյանը։
Իշխան Սաղաթելյանի կարծիքով՝ փաստ է, որ Ազգային ժողովի նախագահի ընտրության պրոցեսը տեղի է ունեցել ակնհայտ խախտումներով․ «Սահմանադրական դատարանի որոշումից հետո մենք կքննարկենք և հանդես կգանք համապատասխան հայտարարությամբ ու եզրակացությամբ»։
Ըստ Իշխան Սաղաթելյանի՝ իշխանությունն իրենից փորձել է ստանալ թալանչու կերպար, ինչը չի ստացվել։
«Ես երբևէ պետական որևէ բարձր պաշտոն չեմ ունեցել՝ բացառությամբ երեք-չորս ամիսը, երբ իրենց իշխանության օրոք եղել եմ Գեղարքունիքի մարզպետ։ Իմ ընտանիքը զբաղվել է բիզնեսով, օրենքի շրջանակում դա շարունակելու է, որովհետև մեր ընտանիքի ապրելու միջոցը եղել է դա։ Ես, բնականաբար, բիզնեսով չեմ զբաղվելու»- նշեց Իշխան Սաղաթելյանը։
Լրագրողի դիտարկմանն ի պատասխան, որ իշխանությունն ակնարկում է այն մասին, որ թշնամի պետությունը կարող է ընդդիմության միջոցով վնասել իշխանությանը դրա համար էլ ուժեղացնում անվտանգության միջոցառումները, Սաղաթելյանն արձագանքեց․ «Թշնամու ձեռքին գործիք այսօրվա իշխանությունն է»։
Ճեպազրույցի տեսանյութը՝ ստորև.