Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր՝ հուլիսի 30–ին, ՀՀ-ում գործող միջազգային կառույցներին եւ դիվանագիտական առաքելություններին եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին է ներկայացրել ադրբեջանական զինված ուժերի կողմից ՀՀ սահմանային բնակիչների իրավունքների խախտումների փաստերը: Այս մասին տեղեկացնում է ՄԻՊ–ի աշխատակազմը։
«Մասնավորապես, միջոցառմանը մասնակցել են Հայաստանում հավատարմագրված եւ գործող դիվանագիտական առաքելություններ (ԱՄՆ, ՌԴ, Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա, Լեհաստան, Չեխիա, Սերբիա, Ճապոնիա եւ այլն) եւ միջազգային կազմակերպությունների ղեկավարներ, այդ թվում՝ ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը, ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփը, Երեւանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավարի տեղակալ Մաքսիմ Լոնգանգեն:
Քննարկումն արժեքավոր էր նրանով, որ մասնակցել են իրավապաշտպաններ, հասարակական կազմակերպություններ, անկախ փորձագետներ, որոնք կարեւոր դիտարկումներ են արել՝ կապված սահմանային բնակիչների իրավունքների պաշտպանության, միջազգային մեխանիզմներն (ՄԱԿ Անվտանգության խորհուրդ, Եվրախորհուրդ եւ այլն) օգտագործելու հարցում:
Հանդիպմանը մասնակցել են նաեւ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը, ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատարի առաջին տեղակալ Արման Գասպարյանը, Պաշտպանության եւ Արտաքին գործերի նախարարությունների ներկայացուցիչներ:
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը բացման խոսքում ընդգծել է, որ ՀՀ սահմանային բնակիչների իրավունքներին առնչվող խնդիրների արդյունավետ լուծման համար առանցքային դեր ունեն քաղաքացիական հասարակության կազմակերպությունները, իրավապաշտպանները:
Հանդիպման ընթացքում Պաշտպանը ներկայացրել է փաստեր, որոնք հիմնավորում են՝ ադրբեջանական զինված ծառայողների ներկայությունը Գեղարքունիքի եւ Սյունիքի գյուղերի հարեւանությամբ եւ Սյունիքի համայնքների միջեւ ճանապարհներին, նրանց արարքները խախտում են ՀՀ բնակիչների միջազգայնորեն երաշխավորված իրավունքները, այդ թվում՝ կյանքի, սեփականության եւ մյուս կենսական իրավունքները:
Արման Թաթոյանը ներկայացրել է նաեւ պարբերաբար իրականացվող փաստահավաք աշխատանքների արդյունքները: Մասնավորապես, նա նշել է, որ ադրբեջանական կրակոցները կանխվում են շնորհիվ ՀՀ զինված ուժերի կանխարգելիչ կրակոցների, որոնք նպատակ ունեն պաշտպանել մարդկանց կյանքն ու առողջությունը: Ուստի, Պաշտպանը կարեւորել է ՀՀ զինված ուժերի եւ ԱԱԾ սահմանապահ զորքերի ծառայությունը, որն ուղղված է սահմանային բնակիչների, առհասարակ, ՀՀ բնակչության պաշտպանությանը:
Ադրբեջանական անօրինական արարքների պատճառով անվտանգությունից բացի, մարդկանց համար ստեղծվել են լրջագույն սոցիալական խնդիրներ: Ադրբեջանական զինված ուժերի իրական հանցավոր արարքների պատճառով գյուղերի բնակիչները զրկվել են արոտավայրերից, խոտհարքներից ու վարելահողերից: Օրինակ` Կութ գյուղում ադրբեջանական զինված ուժերը ֆիզիկապես ներկա են առնվազն արոտավայր 500 հա, խոտհարք 500 հա, վարելահող 20 հա տարածքի վրա: Նորաբակ գյուղում նրանք ներկա են առնվազն արոտավայր 1,000 հա, խոտհարք 200 հա, վարելահող 25 հա տարածքի վրա, իսկ Վարդենիս եւ Վերին Շորժա հատվածում արոտավայր 1,200 հա, խոտհարք 220 հա, վարելահող 250 հա տարածքի վրա:
Ջաղացաձոր, Գեղամաբակ, Նորաբակ գյուղերի բնակիչները զրկվել են խմելու եւ ոռոգման ջրից: Հարցն այն է, որ ադրբեջանական զինված ուժերը ներկա են ջրային ավազանների եւ գետակներ տարածքներում, որոնցից ձեւավորվում է խմելու եւ ոռոգման ջուրը:
Փաստահավաք աշխատանքները հաստատում են, որ ադրբեջանական զինված ուժերի ծառայողները տեւական ժամանակով խոչընդոտում են սահմանային բնակիչների գյուղատնտեսական աշխատանքների իրականացումը (օրինակ՝ Կութ, Արավուս, Տեղ, Խնածախ համայնքներում):
Միջազգային իրավունքով արգելված արարքներով մեր սահմանային բնակիչներին հասցված այս վնասների, խաղաղ բնակչությանը պաշտպանող զինվորականների սպանությամբ նրանց կյանքի իրավունքը խախտելու, առողջությանը վնաս հասցնելու համար ուղիղ պատասխանատու են ադրբեջանական իշխանությունները:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը նշել է, որ սահմանային բնակիչների իրավունքների պաշտպանության ապահովումն ունի առանցքային նշանակություն, ինչպես նաեւ այն, որ իրենք առաջնային ուշադրություն են դարձնում մարդու իրավունքների հարցերին սահմանների որոշման գործընթացում, այդ թվում՝ իրենց իրավասության շրջանակում միջազգային ատյաններում բարձրացնելով»,– ասվում է հաղորդագրության մեջ։