Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
2021թ. մայիսի 24-ին` ժամը 17:45-ին, Երևան քաղաքի «Հերացի թիվ 1 համալսարանական հիվանդանոց»-ից ահազանգ է ստացվել այն մասին, որ կրծքավանդակի ձախ կեսի հրազենային վնասվածք ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել Երևան քաղաքի Նորք-Մարաշ թաղամասի բնակիչ: Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը: Այս մասին տեղեկացնում է Քննչական կոմիտեն:
Նախնական տվյալներով՝ 2021թ. մայիսի 24-ին՝ ժամը 17:00-ի սահմաններում, ենթադրյալ հանցագործություն կատարած անձը Երևան քաղաքի Նորք-Մարաշ 6-րդ փողոցի 2-րդ նրբանցքում, իր մոտ ապօրինի կերպով պահվող հրազենից, ապօրինաբար, կյանքից զրկելու դիտավորությամբ, կրակ է արձակել նույն թաղամասի բնակչի ուղղությամբ, սակայն իր կամքից անկախ հանգամանքներով հանցագործությունն ավարտին չի հասցրել:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ սպանության փորձի և ապօրինի կերպով զենք ձեռք բերելու, պահելու, կրելու հատկանիշներով: Հիվանդանոց տեղափոխված տղամարդը ճանաչվել է տուժող:
Նախաքննության ընթացքում իրականացվել են անհետաձգելի քննչական և դատավարական այլ գործողություններ՝ դեպքի վայրի զննություն, որի ընթացքում հայտնաբերվել են արնանման հետքեր, վերցվել փորձանմուշներ, որպես վկա հարցաքննվել են մի շարք անձինք, առգրավվել են տուժողի հագին դեպքի պահին եղած հագուստները: Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Կատարվում է նախաքննություն:
Ձեռնարկվում են միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզելու, նրան հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: