Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
ՀՀ ԳԱԱ-ում տեղի ունեցավ «Հայաստանի Առաջին Հանրապետության 100-ամյակ․ գիտաժողովի նյութեր (21-23 մարտ 2018)» ժողովածուի շնորհանդեսը՝ հայտնում է Yerkir.am-ը։
Ժողովածուն հրատարակվել է 2021-ին Անթիլիասում՝ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության տպարանում։
Այնտեղ ամփոփված են 2018-ի մարտին Արամ Ա կաթողիկոսի հովանավորությամբ Անթիլիասի կաթողիկոսարանում տեղի ունեցած եռօրյա գիտաժողովի զեկույց-հոդվածները, որ ներկայացրել էին Հայաստանի Հանրապետության, Արցախի Հանրապետության ու Սփյուռքի տասնյակ պատմաբաններ։
«Մայիսյան հերոսամարտերի և Հայաստանի Հանարպետության հռչակման հերթական տարեդարձի նախօրյակին մենք կարևոր համարեցինք այս միջոցառումը, որովհետև պետականության խնդիրը մեր առջև դրված թիվ մեկ խնդիրն է։ 3 տարի առաջ մենք ձեռնարկեցինք կարևոր ծրագիր, որ հայոց պետականության 100-րդ տարեդարձին նվիրված միջոցառումների շարքն էր։ Այդ գիտաժողովն իր ձևով ու բովանդակությամբ տարբերվում է մյուսներից՝ իր գիտաքաղաքական կարևորությամբ»,-ասաց ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը։
Նա նշեց, որ գիտաժողովով փորձել են ցրել այն թյուր պատկերացումը, որ Հայաստանի Առաջին Հանրապետությունը ստեղծվել է դատարկ հողի վրա՝ առանց նախապատմության։ Զեկույցները հստակ ցույց տվեցին, որ դրա արմատները հասնում են 19-րդ դարի վերջ, 20-րդ դարի սկիզբ։
ԳԱԱ հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար Յուրի Սուվարյանը կարևորեց, որ, ընդունելով մեր անցած հարյուրամյա ճանապարհը, հիմա ջանք գործադրենք մեր պետականությունը կրկին անգամ չկորցնելու համար։
Ելույթով հանդես եկան նաև հատուկ այս առիթի համար Երևան ժամանած՝ «Խաչիկ Պապիկեան» հրատակչական հանձնախմբի անդամներ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության դիվանապետ Խաչիկ Տետեյանը և «Ազդակ» օրաթերթի տնօրեն Շահան Գանտահարյանը։
Մասնակիցները հաստատեցին, որ Անթիլիասի գիտաժողովն առանձնանում է Հայաստանի Առաջին Հանրապետության 100-ամյակի առիթով այլ գիտաժողովներից իր համապարփակությամբ, գիտականությամբ ու զեկույցների այժմեական նշանակությամբ։