կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-04-20 12:45
Քաղաքական

Ինչո՞ւ են ԵԽԽՎ–ում ռուսները դեմ քվեարկել հայ ռազմագերիների հարցի քննարկմանը

Ինչո՞ւ են ԵԽԽՎ–ում ռուսները դեմ քվեարկել հայ ռազմագերիների հարցի քննարկմանը

Երեկ համացանցում կայծակնային արագությամբ տարածվեցին ԵԽԽՎ գարնանային նստաշրջանում, որն անցկացվում է ապրիլի 19-22-ը, ռուսական պատվիրակության կողմից հայ ռազմագերիների վերադարձի մասին հարցի քննարկմանը դեմ քվեարկելու վերաբերյալ տեղեկությունները։

ԵԽԽՎ–ի բաց աղբյուրներում առկա տեղեկատվության համաձայն՝ եղել է մի շարք հրատապ հարցերի վերաբերյալ քննարկումներ անցկացնելու խնդրանք։ Այդ թեմաներն են՝ «Ալեքսեյ Նավալնիի ձերբակալությունն ու բանտարկումը 2021 թ. հունվարին» և «Թուրքիայում ժողովրդավարական ինստիտուտների աշխատանքը»։ Նաև ընթացիկ քննարկումներ՝ «Covid–ի անձնագրեր և հավաստագրեր․ հիմնարար իրավունքների պաշտպանություն և իրավական հետևանքներ», «Պատերազմի հայ ռազմագերիներ և այլ գերիներ ու տեղահանվածներ», «Ռուսական վտանգը Եվրոպայում խաղաղության ձգտելու հարցում»։

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ Էդմոն Մարուքյանը երեկ հայտնել էր, որ ԵԽԽՎ օրակարգը հաստատվել է, որում կներառվել է նաև հայ ռազմագերիների հարցը. կողմ է քվեարկել 93 պատգամավոր, դեմ՝ 21-ը, ձեռնպահ՝ 18-ը ։

Ռուս ռազմական թղթակից Ալեքսանդր Կոցը գրում է, որ դրսից հակառուսական քարոզ է հրամցվում համացանցի հայկական սեգմենտին՝ ցույց տալու համար, թե ռուսներն իբր չեն ցանկանում գերիների վերադարձը և քվեարկության է դրված եղել միայն հայ ռազմագերիների հարցը։ Սակայն օրակարգում եղել են վերոնշյալ բոլոր հարցերը, որոնցից 2-ը հակառուսական բանաձևեր են, ուստիև ռուսների մի մասը ձեռնպահ է մնացել, մի մասն էլ դեմ է քվեարկել։

Ներքոդրյալ նկարում առաջին հարցի 1.5 ենթահարցի առաջին երկու հարցերը՝ հրատապները, քվեարկության են դրվել առանձին, իսկ մյուս հարցերն էլ՝ առանձին (այդ թվում՝ նաև ռազմագերիների հարցը)։ Հետևաբար, ռուսական կողմի դեմ ու ձեռնպահ քվեարկելը կապված է «Ռուսական վտանգը Եվրոպայում խաղաղության ձգտելու հարցում» հակառուսական ենթահարցի հետ։

Нет описания фото.

Հայկական սոցցանցերում բանավեճեր են ընթանում, թե ինչո՞ւ են ռուսները դեմ քվեարկել գերիների հարցին, արդյոք «Նավալնիի հարցը» առանձի՞ն է եղել, թե՞ միասին։ Սակայն այստեղ նախ և առաջ հարց է առաջանում, թե ինչո՞ւ հայկական պատվիրակությունը չի մեկնաբանում տեղի ունեցածը (կապված ռուսական քվեարկության հետ), կամ, որ ավելի կարևոր է, թե ինչո՞ւ է հայ ռազմագերիների հարցը քննարկվում այլ հարցերի հետ մեկտեղ՝ նույն ենթահոդվածում (հետևողական աշխատանքի պարագայում հնարավոր կլիներ օրակարգում որպես առանձին հարց ներկայացնել)։

Այսպիսով՝ պարզ է դառնում ռուսական պատվիրակության՝ այդ օրակարգին դեմ քվեարկելու իրական պատճառը։ Սակայն չպետք է մոռանալ նաև, որ 2019 թ. հունիսին, երբ ԵԽԽՎ–ում քննարկվում էր Ռուսաստանի՝ ԵԽԽՎ վերադառնալու հարցը, «Իմ քայլը»ի պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը, որը ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահն է, «պատահաբար» դեմ էր քվեարկել, իսկ ԻՔ ևս 3 պատգամավոր ընդհանրապես չէր մասնակցել ռազմավարական դաշնակցի վերաբերյալ քվեարկությանը։ Դրանից բացի՝ պետական Հանրային հեռուստաընկերությունը հարցազրույց վերցրեց ռուս ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնիից, իսկ շաբաթներ առաջ, երբ իշխանությունը հայտարարեց, որ Բաքվից գերիներ են վերադառնում, սակայն Երևանում վայրէջք կատարեց դատարկ ինքնաթիռ, իշխանությունները սլաքն ուղղեցին դեպի ռուսական կողմը՝ նրանց մեղադրելով գերիներին չվերադարձնելու մեջ։

Չնայած ենթադրություններին և առկա փաստերի համադրմանը, այնուհանդերձ, պետք է ակնկալել դաշնակից Ռուսաստանի մեկնաբանությունը հայ ռազմագերիների հարցն ընդգրկող քվեարկությանը դեմ արտահայտվելու վերաբերյալ։