կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-01-20 23:48
Քաղաքական

Փաշինյանի այսօրվա պնդումը սխալ է և մանիպուլացված մի քանի կետով. Media.am

Փաշինյանի այսօրվա պնդումը սխալ է և մանիպուլացված մի քանի կետով. Media.am

Media.am-ը ստուգել է Փաշինյանի հայտարարությունը և պարզել, որ  Փաշինյանի դեկտեմբերի 20-ի պնդումը սխալ է և մանիպուլացված մի քանի կետով։ Ներկայացնում ենք նյութն ամբողջությամբ.

«Հունվարի 20-ին Ազգային ժողով - Կառավարության հարց ու պատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ Արցախյան երկրորդ պատերազմի գերիների թեմային։ 

Ի պատասխան «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանի հարցին, նա ասաց, որ բավականին երկար տարիներ Հայաստանից միշտ գերիներ են եղել Ադրբեջանում։ Նաև հերթական աննախադեպի մասին հայտարարություն կատարեց.

«Հիմա գերիների թիվը մեծ է, բայց եթե այդ տրամաբանությամբ նայենք, այդ ողջ ընթացքում երբեք ավելի մեծ թվով գերիներ ՀՀ չեն վերադարձվել, քան վերադարձվել են նոյեմբերի 9-ից հետո»,- ասաց նա։

Մենք ստուգեցինք Հայաստանի վարչապետի այս հայտարարությունը։ Մեր հավաքագրած տվյալները ցույց են տալիս, որ Փաշինյանի պնդումը սխալ է

Media.am-ը Ադրբեջանում պահվող անձանց հայրենադարձման տվյալները հավաքագրել է 2020-ի ամռանը՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հաղորդագրությունների բազայից։ Սրա նպատակն էր հասկանալ Ղարաբաղյան պատերազմից հետո հակամարտող կողմերի քաղաքացիների սահմանահատումների և հայրենադարձումների դինամիկան։

Տվյալներ հավաքագրելու համար ընտրել էինք այս միջազգային, անկախ և մարդասիրական կառույցը, քանի որ նրանց միջնորդությամբ են իրականացվել հայրենադարձումները, և դրանց մասին տվյալները հասանելին են կայքում՝ մամուլի հաղորդագրությունների ձևաչափով։ 

Թեև 1994-ի զինադադարից հետո հայ-ադրբեջանական սահմանը և Արցախ-Ադրբեջան շփման գիծը զինված ուժերի վերահսկողության տակ են, սակայն, դրանք հատելու դեպքեր գրացվում են թե՛ քաղաքացիականների, թե՛ զինվորականների շրջանում։ Անձին հայրենադարձելու համար երբեմն տարիներ էին պետք լինում, որոշ դեպքերում մարդիկ պարզապես կենդանի չեն վերադառնում։

Մեր հավաքագրած տվյալները ցույց են տալիս, ոչ վարչապետ Փաշինյանի դեկտեմբերի 20-ի պնդումը սխալ է և մանիպուլացված մի քանի կետով։

Ա. Գերիների հայրենադարձման հարցը 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կետերից մեկն էր։ Արդյունքում, Հայաստան վերադարձվեցին մինչև պատերազմը և դրա ընթացքում գերեվարվածները։ 

Սա կատարվեց բոլորը բոլորի դիմաց սկզբունքով: Այս սկզբունքին Հայաստանը մինչ այդ, չնայած Ադրբեջանի ջանքերին, չէր համաձայնում։ Պատճառը հայկական կողմում երկու ադրբեջանցիների գործած հանցանքն էր։ Արցախում նրանք պատիժ էին կրում 2014-ին խաղաղ բնակչի սպանելու համար։ Նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո այս անձինք ևս վերադարձվեցին Ադրբեջանին։

Բ. Համեմատելի են նույնական երևույթները, ուստի խաղաղ և պատերազմական իրավիճակների հայրենադարձումների տվյալները իրար հետ համեմատելը մանիպուլյացիա էր Փաշինյանի կողմից։ 

Այնուամենայիվ, նոյեմբերի 9-ից հետո վերադարձվածների թիվն ավելի մեծ չէ տարբեր տարիների տվյալների հետ համեմատած։

Գերիների ամենամեծ թվով հայրենադարձումը տեղի է ունեցել 1994 թվականի զինադադարի հաստատումից հետո՝ 1995-1997-ին։ ԿԽՄԿ 1996-ի մայիսի 10-ի միայն մեկ հաղորդագրության մեջ 109 անձի հայրենադարձման մասին է գրված։

Բացի այս 109-ը անձից, որոնք կոնֆլիկտի երեք կողմի՝ Լեռնային Ղարաբաղի, Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիներ են, մյուս հաղորդագրություններում մարդկանց ազգությունները հստակեցված են։ Մեր հավաքագրած տվյալներով 1995-1997 թվերին հայրենադարձվել է 61 անձ հայկական կողմերից։ Իսկ 2020-ի եռակողմ հայտարարությունից հետո առայժմ Հայաստան է վերադարձել 54 անձ։ 

Գ․ Եթե Փաշինյանի ասածը դիտարկենք խաղաղ պայմաններում գերեվարված անձանց վերադարձի համատեքստում, այս դեպքում աննախադեպությունը ևս ճիշտ չէ։

1997-ից հետո, շուրջ երեք տարի դադարից հետո վերսկսվել է սահմանից/շփման գծից այն կողմ հայտնված զինվորականների և քաղաքացիականների հայրենադարձումը։ 2000-ականներից սկսած տեղի է ունեցել 55 անձի (այդ թվում աճյունների) հայրենադարձում։ Նրանցից 26-ը հայկական կողմերից է։

Մինչև 44-օրյա պատերազմը այս 26 դեպքից միայն մեկ անձ է, որ հայրենադարձվել է վարչապետ Փաշինյանի կառավարման տարիներին։

Ի՞նչ է ստացվում. Ճիշտ է միայն վարչապետ Փաշինյանի այն պնդումը, որ որոշ գերիներ Ադրբեջանում պահվել են տարիներ շարունակ։ Իսկապես, այս տարիներին հայրենադարձումը մի քանի օրից ձգվել է մինչև մի քանի տարի։

Չնայած 2020-ին Հայաստան վերադարձավ գերեվարված 54 անձ, սակայն, գերեվարվել են նոր մարդիկ։ Այս պահին Ադրբեջանում պահվող անձանց հստակ թիվ չկա, բայց այն գերազանցում է 100-ը։

Ստացվում է, որ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, թե «այս ողջ ընթացքում երբեք ավելի մեծ թվով գերիներ ՀՀ չեն վերադարձվել, քան վերադարձվել են նոյեմբերի 9-ից հետո», իրականությանը չի համապատասխանում։ Այս տրամաբանությամբ առաջնորդվելու դեպքում կարող ենք ասել, որ ամենաշատ հայերանդարձում եղել է Արցախի առաջին պատերազմից հետո՝ Հայաստանի առաջին նախագահի կառավարման տարիներին»։

Արշալույս Բարսեղյան