Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Վերջին 3-4 օրերի ընթացքում հակառակորդը հիմնական ջանքերը կենտրոնացրել էր Շուշիի ուղղությամբ: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 9-ին, ճեպազրույցի ժամանակ նշել է Արցախի պաշտպանության բանակի ներկայացուցիչ, գնդապետ Սուրեն Սարումյանը:
Նրա խոսքով, այդ ժամանակահատվածում ընթացել են համառ մարտեր, ՊԲ ստորաբաժանումները պաշտպանել եւ պաշտպանում են մեր ինքնության, մեր Արցախի խորհրդանիշներից մեկը՝ հինավուրց բերդաքաղաք Շուշին եւ պատրաստ են վճռականորեն կատարել իրենց խնդիրը:
«Օրվա ընթացքում հակառակորդը կրկին գրոհներ է ձեռնարկել Շուշիի ուղղությամբ, գրոհող ստորաբաժանումները, խմբավորումներ հայտնաբերվել են, ենթարկվել են կրակային ներգործության եւ կրել են մեծ կորուստներ: Նշեմ նաեւ, որ այդ հատվածում մեր ստորաբաժանումներին հաջողվել է գերեվարել 2 ադրբեջանցի զինծառայողների: Ներկայումս Շուշիի ուղղությամբ մարտական գործողությունները դեռեւս շարունակվում են»,-ասաց նա:
Սուրեն Սարումյանը նաեւ նկատեց, որ կա այսպիսի մի նրբություն, մարտական գործողությունների տրամաբանությունը ենթադրում է գործողությունների զարգացում, որոշակի ժամանակահատված, որի ընթացքում տեղի են ունենում այդ գործողությունները. «Մարտական գործողությունների արդյունքների մասին կարելի է խոսել դրանց ամբողջության մեջ, երբ դրանք մոտենում են ավարտին կամ ավարտվել են: Այս առումով ուզում եմ վստահեցնել մեր հայրենակիցներին, որ մարտական գործողությունների աշխարհագրությունը ենթադրում է նաեւ գաղտնիության որոշակի նկատառումներ: Այդ պատճառով երբեմն նպատակահարմար չէ խոսել նույնիսկ տարածքային ձեռքբերումների մասին: Ամեն դեպքում մենք մեր ժողովրդից թաքցնելու ոչինչ չունենք, խնդրում ենք վստահել պաշտոնական հաղորդագրություններին եւ հետեւել միայն պաշտոնական աղբյուրներին»,-ասաց Սարումյանը: