Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Հոկտեմբերի 15-ին ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց ունեցավ Միավորված Ազգերի Կազմակերպության Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ։
ՀՀ ԱԳ նախարարը ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարին ներկայացրեց Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծած աննախադեպ լայնամասշտաբ ագրեսիայի արդյունքում ստեղծված իրադրությունը: Այս համատեքստում նախարարը իր խորին մտահոգությունը հայտնեց ադրբեջանական զինուժի կողմից տարբեր տրամաչափի զինատեսակների կիրառմամբ Արցախի քաղաքացիական բնակչության և ենթակառուցվածքների դիտավորյալ թիրախավորման առնչությամբ:
Զրույցի ընթացքում նախարար Մնացականյանը նշեց, որ Ադրբեջանը մինչ օրս չի կատարում հոկտեմբերի 10-ին կրակի դադարեցման վերաբերյալ նախարարական մակարդակով ձեռք բերված համաձայնությունը և շարունակաբար թիրախավորում է խաղաղ բնակչությանը՝ պատճառելով մարդկային կորուստներ: Նախարար Մնացականյանն ընդգծեց նաև Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ ադրբեջանական սարդիչ գործողությունների անթույլատրելիությունը:
ԱԳ նախարարը խորը մտահոգություն հայտնեց Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիայում Թուրքիայի ներգրավվածությամբ, ինչը դրսևորվում է վերջինիս անմիջական ռազմական մասնակցությամբ և Մերձավոր Արևելքից Ադրբեջան օտարերկրյա զինյալ ահաբեկիչների տեղափոխմամբ, ինչը լուրջ սպառնալիք է տարածաշրջանային անվտանգության և խաղաղության համար:
Նախարար Մնացականյանի խոսքով՝ Ադրբեջանի գործողություններն առավել ընդգծում են Արցախի ժողովորդի գոյութենական վտանգը և հրամայական դարձնում այն չեզոքացնելու ուղղությամբ միջազգային հանրության գործուն ջանքերի ձեռնարկումը, այդ թվում՝ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչման և իր պատմական հայրենիքում ազատ և արժանապատիվ ապրելու իրավունքի իրականացման միջոցով:
ՀՀ ԱԳ նախարարը, ներկայացնելով Արցախում ստեղծված հումանիտար իրավիճակը, առանձնահատուկ կարևորեց ՄԱԿ-ի և իր համապատասխան մարմինների կողմից հումանիտար աջակցության հասանելիության անհապաղ ապահովումը տեղում՝ մեղմելու Արցախի քաղաքացիական բնակչության տառապանքները և հասցեագրելու նրանց առաջնահերթ կարիքները՝ համաձայն ՄԱԿ նպատակների ոգուն:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը մտահոգություն հայտնեց Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրադրության վերջին զարգացումների վերաբերյալ և ընդգծեց ռազմական գործողությունների անհապաղ դադարեցման և խնդրի կարգավորման շուրջ բանակցությունների վերսկսման կարևորությունը: