կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-10-13 21:48
Քաղաքական

Արցախը կանգնած է տեռորիզմի դեմ պայքարի առաջնագծում․«Kill Dim»-ի նոր սերիան ուղղված է աշխարհին

Արցախը կանգնած է տեռորիզմի դեմ պայքարի առաջնագծում․«Kill Dim»-ի նոր սերիան ուղղված է աշխարհին

Թույլ մի տվեք, որ Հայոց երկրորդ ցեղասպանությունը տեղի ունենա, աջակցեք Հայաստանին միջազգային ահաբեկչության դեմ պայքարելու գործում և ճանաչեք Արցախը։ Այս ուղերձն է պարունակում մուլտիպլիկատորներ Դավիթ և Հայկ Սահակյանցների՝ ժամեր առաջ հրապարակած «Kill Dim» շարքի նոր էպիզոդը, որն ուղղված է աշխարհին։ Այս օրերին առաջնագծում տեղի ունեցող իրադարձությունները բոլորիս է փոխել, այդ իսկ պատճառով փոխվել է նաև սովորաբար հումոր և ծաղր պարունակող՝ «Kill Dim»-ի բովանդակությունը։

«Ուղերձը նախ Արցախի ճանաչումն է. այսօր Արցախը կանգնած է տեռորիզմի դեմ պայքարի առաջնագծում։ Մեր ետևից ամբողջ քաղաքակրթությունն է, որն ինչպես 100 տարի առաջ, այնպես էլ այսօր կույր է, դրա համար օգտագործում ենք շատ հարազատ հեշթեգ #Don’tBeBlind: Նաև այդ մեսիջը փորձեցինք տեղ հասցնել։ Այս սերիայի ուղղվածությունը ոչ թե ներքին լսարանի համար էր, այլև ամբողջ աշխարհի»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց  Դավիթ Սահակյանցը։

Աշխարհի մակարդակով դեռ արձագանք չի ստացել «Kill Dim»-ի նոր սերիան, բայց դրա հիմնական հասցեատեր երկրներից արդեն արձագանքներ կան։

«Մեր ոխերիմ հարևանները մեկնաբանությունների միջոցով միանգամից արձագանքեցին, և փորձում են մեր դեմ պայքարել օնլայն դաշտում։ Եթե նայեք, ապա կտեսնեք, որ մեր և նրանց արձագանքը հավասարաչափ է, ինչը շատ լավ է։ Իրենց ամեն գրած մեկնաբանությունը նշանակում է, որ  իրենց հարթակներում է հայտնվում «Kill Dim»-ը, իրենց ամեն մի դիտումը գումարվում է նաև այնտեղի լսարանին, ինչը մեր գերնպատակներից է, որ այնտեղ էլ տեսնեն, և իրենց էլ հասնի»,- նշեց ռեժիսորը։

Դավիթ Սահակյանցն անկեղծանում է, որ «Kill Dim»-ի յուրաքանչյուր նոր սերիան թողարկելուց հետո երազում են, որ դրան վերադարձ չլինի, քանի որ «Kill Dim»-ը ուղիղ արձագանքն է այն ագրեսիայի, որն իրականացվում է հակառակորդի  կողմից։

Առաջիկայում նոր «Kill Dim»-ներ կլինե՞ն, թե՞ ոչ, և ի՞նչ ձևաչափով՝ Դավիթ Սահակյանցը առայժմ չգիտի, ամեն ինչ կախված է թշնամու գործողություններից, այսպես ասած՝ առիթներ ստեղծելուց։ Նրա խոսքով՝ մինչև նոր սերիան, մտածում էին Ֆեյսբուքում մեմերի թեմա դարձած Իբրահիմի, Մեհրիբան Ալիևայի՝ հողերը պաչելու,  և տիկին Ազնիվի՝ ադրբեջանցի զինվորներին իրենց տուն հրավիրելու թեմաներով «Kill Dim»-ներ նկարելու մասին, սակայն հասկացան, որ այն նեղ լսարանին էր ուղղված լինելու։

«Դրա համար որոշեցինք անել գլոբալ, որ ինֆորմացիան հասնի ոչ միայն Հայաստանին, այլև դրա սահմաններից դուրս»,- ընդգծեց  Դավիթ Սահակյանցը։