կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-07-10 17:36
Քաղաքական

Լիլիթ Մակունցը հանդիպել է Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ

Լիլիթ Մակունցը հանդիպել է Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ

ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն ու պատգամավոր Ալեքսեյ Սանդիկովը հետ հանդիպել են Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ: Մակունցն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ դեսպանի հետ քննարկել են հայ-ռուսական հարաբերությունների զարգացմանն առնչվող օրակարգային հարցեր։

«Որպես «Իմ քայլը» խմբակցության ղեկավար՝ դեսպանին ներկայացրել եմ մեր երկրում ընթացող ներքին քաղաքական զարգացումները։ Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել իրականացվող օրենսդրական փոփոխություններին, մասնավորապես «Տեսալսողական մեդիայի մասին» օրինագծով առաջարկվող կարգավորումներին, Սահմանադրական դատարանի շուրջ ծավալվող իրադարձություններին։ Երկկողմ հարաբերությունների առաջմղման համատեքստում կարևորվել է խորհրդարանական դիվանագիտության դերը՝ ընդգծելով հատկապես կորոնավիրուսի համավարակով պայմանավորված ստեղծված իրավիճակում ընթացիկ հարցերը խորհրդարանական դիվանագիտության ճանապարհով կարգավորելու հանգամանքը։ Այս առումով ընդգծվել է համաճարակի դեմ պայքարում Հայաստանի և Ռուսաստանի համատեղ ջանքերի կարևորությունը»,- գրել է Մակունցը:

Խմբակցության ղեկավարը նշել է, որ հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել այս օրերին կանոնավոր ավիափոխադրումների բացակայության պայմաններում ՀՀ և ՌԴ քաղաքացիների՝ իրենց երկրներ վերադարձի ապահովման ուղղությամբ իրականացվող քայլերի մասին։