|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփին՝ ԱՄՆ Անկախության օրվա կապակցությամբ: Ուղերձում ասված է.
«Մեծարգո պարոն նախագահ,
Ջերմ շնորհավորանքներ եմ հղում Ձեզ և Միացյալ Նահանգների բարեկամ ժողովրդին՝ Անկախության օրվա առթիվ:
Հուլիսի 4-ի խորհուրդը վաղուց հատել է բուն ԱՄՆ սահմանները և դարձել անկախության համար մղվող հաղթական պայքարի խորհրդանիշ։ Հիմնադիր հայրերի կողմից սահմանված պետականաշինության գաղափարները վաղուց ի վեր օրինակ են դարձել ժողովրդավարության ուղին որդեգրած աշխարհի բազմաթիվ երկրների համար:
Երկու տարուց ի վեր Հայաստանի իշխանությունները շարժվում են համապարփակ ինստիտուցիոնալ բարեփոխումների իրականացման ճանապարհով: Այն պետք է հանգեցնի ժողովրդավարության և օրենքի գերակայության վերջնական հաստատմանն ու անշրջելիությանը մեր երկրում: Կոռուպցիայի դեմ պայքարն ու դատաիրավական համակարգի բարեփոխումներն այս առումով առաջնային տեղ են զբաղեցնում մեր այսօրվա օրակարգում:
Մենք երախտապարտ ենք Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների նկատմամբ ԱՄՆ ցուցաբերած զորակցության և ֆինանսական ու տեխնիկական աջակցության համար: Բարձր ենք գնահատում նաև այս օրերին աշխարհը պատուհասած համաճարակի դեմ պայքարի համար Ձեր վարչակազմի կողմից Հայաստանին տրամադրվող օժանդակությունը:
Հայաստանը մեծապես արժևորում է Միացյալ Նահանգների հետ բարեկամական հարաբերությունների հետագա զարգացումը՝ մեկ տարի առաջ հաստատված ռազմավարական երկխոսության շրջանակում: Կարևոր ենք համարում ուժերի ներածի չափով մեր շարունակական մասնակցությունը միջազգային ահաբեկչության դեմ պայքարի և միջազգային անվտանգության ապահովման համար ԱՄՆ նախաձեռնություններին։ Բարձր ենք գնահատում ԱՄՆ կառուցողական ներգրավվածությունն ու հավասարակշռված քաղաքականությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում։
Մենք այս տարի նշում ենք Հայաստանի Առաջին Հանրապետության և ԱՄՆ-ի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 100-ամյա տարեդարձը: Պատմական այս նշանակալից փաստը, հիրավի, առանձնահատուկ զգացմունքային երանգ և բովանդակություն է հաղորդում մեր գործընկերությանը: Ընդհանուր ժողովրդավարական արժեքների հետ միասին այն ամուր հենք է ստեղծում մեր երկու երկրների բարեկամության հարատև զարգացման և առաջընթացի համար:
Թույլ տվեք մեկ անգամ ևս շնորհավորել Ձեզ ու Ամերիկայի բարեկամ ժողովրդին` մաղթելով խաղաղություն, բարօրություն և շուտափույթ հաղթանակ կորոնավիրուսի համաճարակի դեմ պայքարում»։