Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Սիրիայում ռազմական գործողություններով պայմանավորված տևական ժամանակ դադարից հետո վերագործարկվում է Հալեպի օդանավակայանը: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնել է Սիրիայի խորհրդարանի հայ պատգամավոր Ժիրայր Ռեիսյանն:
Լրատվական գործակալությունը գրել է.
«Սիրիայում ռազմական գործողություններով պայմանավորված տևական ժամանակ դադարից հետո վերագործարկվում է Հալեպի օդանավակայանը: Այսօր՝ փետրվարի 19-ին, նախատեսված է առաջին թռիչքը Դամասկոս- Հալեպ ուղղությամբ: Սիրիայի խորհրդարանի հայ պատգամավոր Ժիրայր Ռեիսյանն «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց, որ հասարակությունը մեծ ցնծությամբ ընդունեց այդ լուրը:
«Օդանավակայանի փակմամբ պայմանավորված՝ Հալեպում կյանքը դժվար է եղել տարբեր առումներով: Այն կարևոր ենթակառուցվածք է թե քաղաքի, թե պետության համար: Առաջին չվերթը Դամասկոս-Հալեպ ուղղությամբ է նախատեսված, և նպատակ կա հետագայում ավելացնել ուղղությունների ու չվերթների քանակը»,-ասաց Ժիրայր Ռեիսյանը:
Այս շատ կարևոր ենթակառուցվածքի վերագործարկումը կնպաստի Հալեպի վերականգնման գործընթացի արագացմանը: Ժիրայր Ռեիսյանը նշեց, որ այն շատ կարևոր օղակ է բիզնեսի ակտիվացման համար: Օդանավակայանի գործարկումը միաժամանակ իր ազդեցությունը կունենա տնտեսության ակտիվության վրա:
Անդրադառնալով քաղաքի մյուս ենթակառուցվածքների խնդիրներին՝ Ժիրայր Ռեիսյանը տեղեկացրեց, որ ջրամատակարարման ուղղությամբ զգալի աշխատանք է կատարվել: Կան թաղամասեր, որտեղ գրեթե 24 ժամ ջրամատակարարում է ապահովվում, մյուսներում էլ այդ ուղղությամբ աշխատանքները շարունակվում են: Էլեկտրաէներգիայի հետ կապված խնդիրը դեռ ամբողջությամբ լուծված չէ, օրվա մեջ մի քանի ժամ են ունենում, սակայն այդ բոլոր հարցերը իշխանությունների անմիջական ուշադրության կենտրոնում են: Ամեն ինչ արվում է արագ տեմպերով` բնականոն էլեկտրամատակարարում ապահովելու համար:
Հալեպում հայ համայնքի կառույցների վերականգնման ուղղությամբ ևս աշխատանքներ են նախատեսված: Ժիրայր Ռեիսյանը նշեց, որ դպրոցների հարցն առաջնահերթ է եղել, այս ընթացքում ոչ մի աշակերտ առանց դասերի չի մնացել: Ամեն հնարավորն արվել է հայկական դպրոցները աշխատեցնելու ուղղությամբ: Ներկայում կանոնակարգված բոլոր դասընթացները կայանում են, երեխաներն ակտիվորեն մասնակցում են կրթական գործընթացներին: Ինչ վերաբերում է եկեղեցիներին, ապա Ժիրայր Ռեիսյանը նշեց, որ այս ընթացքում Հալեպի Մայր եկեղեցին վերանորոգվել է և այժմ իր հոգևոր ծառայության մեջ է: Օրակարգում Սուրբ Գևորգ եկեղեցին է, որը տարիներ առաջ հրկիզվել էր: Այն գտնվում է Հալեպի հայաշատ Նոր Գյուղ թաղամասում: Ժիրայր Ռեիսյանը տեղեկացրեց, որ այդ հատվածում գտնվում է նաև Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին, որը ներկայում գործում է:
Ինչ վերաբերում է հայերի տեղաշարժերին, ապա Ժիրայր Ռեիսյանը նշեց, որ շատերը վերադարձել են Հալեպ, շատերը դեռ գալիս են տեղի պայմաններին ծանոթանալու և դիտարկում են հիմնովին վերադառնալու տարբերակները: «Ամեն դեպքում մեր ցանկությունն է, որ համայնքի բոլոր զավակները վերադառնան իրենց տները, վերականգնեն գործը»,-ասաց նա:
Այս օրերին Հալեպի ազատագրմանը զուգահեռ ևս մեկ կարևոր իրադարձություն տեղի ունեցավ Սիրիայում: Երկրի խորհրդարանը պաշտոնապես ճանաչեց Հայոց ցեղասպանությունը: Ի՞նչը հիմք հանդիսացավ նրա, որ Սիրիան ճանաչեց Հայոց ցեղասպանությունը. այս հարցն ինչ-որ տեղ զարմացնում է Ժիրայր Ռեիսյանին, որովհետև իրականության մեջ Սիրիան իր հողով ու ժողովրդով վկան է եղել Հայոց ցեղասպանության: Բնաջնջումից փրկված շատ հայեր հանգրվան են գտել հենց Սիրիայում:
«Սիրիան պետականորեն ճանաչեց Հայոց ցեղասպանությունը: Այստեղ կարևոր ուղերձն այն է, որ միասնաբար, ձեռք ձեռքի տված պայքարենք, կանխարգելենք ոճրագործությունները»,- ասաց Ժիրայր Ռեիսյանն՝ ընդգծելով, որ այսօր էլ Սիրիան ենթարկվում է այդ նույն ջարդարարների ոճրային արարքին:
Սիրիայի խորհրդարանը փետրվարի 13-ին միաձայն ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձևը: Խորհրդարանի նիստի օրակարգում ներառել էր Սիրիա-Հայաստան խորհրդարանական բարեկամության հանձնախումբը։
Մեկ այլ կարևոր իրադարձություն էլ տեղի ունեցավ փետրվարի 17-ին. սիրիական բանակի հրամանատարությունը հանդես եկավ հաղորդագրությամբ՝ պաշտոնապես հայտարարելով Հալեպի արևմտյան եւ հյուսիսարևմտյան գյուղերի ազատագրման մասին: Հրամանատարությունը տեղեկացրել էր, որ սիրիական բանակը բուռն մարտեր է մղել ահաբեկչական խմբավորումների դեմ: Հալեպը հայտարարվեց որպես ապահով տարածք»: