Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱՀ նախագահի թեկնածու, ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանի հարցազրույցը Armenia today-ին:
-Պարոն Իշխանյան, դուք որպես ԱՀ նախագահի թեկնածու, չեք արձագանքել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչին՝ ներկայացնել Արցախյան հիմնահարցի լուծման Ձեր դիրքորոշումը: Ինչո՞վ եք դա բացատրում:
-Ես հետևել եմ Արցախի հիմնահարցի ուղղությամբ Կապանում հնչեցրած ՀՀ վարչապետի խոսքին և ԱՀ նախագահի թեկնածուների արձագանքներին: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կոնկրետ տեղեկություններ չի տվել մամուլի ասուլիսի ժամանակ, մեջբերել է ինչ-որ լրատվամիջոցի ինչ-որ հրապարակում, որին արձագանքելու անհրաժեշտություն չեմ տեսել, քանի որ Նիկոլ Փաշինյանի կողմից մեջբերված կետերը Արցախի հարցի լուծման ուղղությամբ չեն կարող ընդունելի լինել Դաշնակցության համար ոչ անցյալում, ոչ հիմա, ոչ էլ ապագայում:Մեր քաղաքական դիրքորոշումը հստակ ու պարզ է եղել դեռևս 1990-ական թվականներից, և ոչ ոք չի կարող կասկածել Դաշնակցության վճռականությանն ու ուղղամտությանը:
Դաշնակցության համար անընդունելի են բոլոր այն առաջարկներն ու զիջողական մոտեցումները, որոնք խաթարում են մեր հաղթանակները:
-ՀՀ-ում կայացած ընտրությունների արդյունքում ՀՅԴ ներկայացված չէ խորհրդարանում, այս առումով ինչպե՞ս եք գնահատում Ձեր շանսերն Արցախում:
-Արցախում Դաշնակցությունը միշտ էլ կայուն ընտրազանգված է ունեցել: Արցախի ժողովուրդը չի մոռացել ՀՅԴ ավանդը Արցախի ազատագրման գործում: Առաջին զինված խմբերը ստեղծվել են Դաշնակցության միջոցով, առաջին զենքերը Դաշնակցությունն է Արցախ հասցրել։ ՀՅԴ-ի հիմնական գործառությունը զինվելն էր, որովհետև մենք անցել էինք ինքնապաշտպանության, հանրապետության կերտման ուղին և գիտենք, որ ամենալավ պաշտպանությունը պատերազմին միշտ պատրաստ լինելու մեջ է:
Սփյուռքի հետ Արցախի հարաբերություններում հիմնական դերը վերապահված է հենց ՀՅԴ-ին: Հիմա էլ ՀՅԴ-ն իր աշխարհասփյուռ կառույցներով աշխատում է Արցախի ճանաչման, միջազգային տարբեր հարթակներում մեր դատը ներկայացնելու, Արցախին տնտեսական հարցերում օժանդակելու ուղղությամբ: ՀՅԴ տարբեր կառույցներ ներդրումներ են կատարում Արցախում, ՀՅԴ Արցախի կառույցի միջոցով իրականացնում են սոցիալական, տնտեսական բազում ծրագրեր:
Այս բոլորը դրական նստվածք են թողել ժողովրդի մեջ և ըստ այդմ մենք կայուն ընտրազանգված ու մեր պատկառելի տեղն ենք ունեցել խորհրդարանում: Չենք կասկածում, որ այս անգամ էլ հաջողություններ կունենանք: Ճիշտ է, աննախադեպ կերպով շատացել է կուսակցությունների մասնակցությունը գալիք ընտրություններին, որը ձայների փոշիացում է ենթադրում: Բայց դրանով հանդերձ վստահ ենք, որ ունենալու ենք նշանակալի դեր ԱՀ Ազգային Ժողովում:
-Լուրեր են պտտվում, որ Արցախում փոքր ՀԷԿ-երի մի մասը պատկանում են Դաշնակցությանը: Ինչքանո՞վ են այդ լուրերը հավաստի:
-Նախևառաջ ուզում եմ շեշտել, որ Դաշնակցությունը ՀԷԿ չունի Արցախում, այլ դաշնակցական որոշ ընկերներ ՀԷԿ-երում բաժնեմասեր ունեն: Արցախում առաջին ՀԷԿ-երը հիմնադրվել են հենց նրանց ներդրումների շնորհիվ: Այն օրերին, երբ դեռ ոչ ոք Արցախի այդ շրջաններում ներդրում չէր անում, ապահովության մտավախության կամ զիջողական տրամադրությունների ազդեցության տակ, դաշնակցականները որոշեցին ներդրումներ անել՝ այդպիսով մյուսներին ևս ներդրումների մղելու և Արցախի էներգետիկ ապահովության նպատակով: Բայց ամեն ինչ չափի մեջ է գեղեցիկ: Վերջերս պարզվեց, որ փոքր ՀԷԿ-երի թույլտվությունները տրվել են խորհրդային ժամանակների տվյալների հիման վրա, որոնք չեն կարող հավաստի լինել:
Երկրի բնական հարստությունները միայն մեր սերնդի օգտագործման համար չեն: Մենք այս երկիրը իր բնական հարստություններով, ապահով ձեռքերում պահելով պետք է հանձնենք հաջորդ սերունդներին: Այս սկզբունքներն ամրագրված են նաև ՀՅԴ ծրագրում: Պետք է այնպիսի մոտեցումներ մշակել, որպեսզի նվազագույն վնաս հասցվի բնությանը:
-Աննախադեպ թվով կուսակցությունների և նախագահի թեկնածուների առկայությունը չի կարո՞ղ արդյոք պառակտվածություն մտցնել հասարակության մեջ:
-Մենք կանխատեսել էինք, որ այդ հանգամանքը հասարակության մեջ պառակտման, թշնամանքի մթնոլորտ կարող է առաջացնել և դրա համար 2019թ. հունիս-հուլիս ամիսներից այդ ուղղությամբ աշխատանք ենք տարել: Մեր շրջանի ՀՅԴ բարձրագույն ժողովը Կենտրոնական կոմիտեին հանձնարարել էր մյուս կուսակցությունների, քաղաքական ուժերի և անհատ թեկնածուների հետ բանակցություններ վարել՝ միասնական օրակարգի և նախագահի համաձայնեցված թեկնածուի առաջարկությունների թեմայով: Մենք օգոստոս ամսից սկսած հանդիպումներ ենք ունեցել համարյա բոլոր կուսակցությունների, այնուհետև ԱՀ նախագահի հավանական թեկնածուների հետ: Առաջին փուլում համաձայնության հասանք 7 կետից բաղկացած միասնական օրակարգի շուրջ, սակայն երկրորդ փուլում չկարողացանք համախոհություն ստեղծել ԱՀ նախագահի հավանական թեկնածուի անձի շուրջ, որովհետև յուրաքանչյուրն իրեն էր տեսնում որպես համաձայնեցված թեկնածու:
Նախագահական և խոհրդարանական ընտրություններն անհատական ամբիցիաների բավարարման պայքարի են վերածվում՝ ծրագրային և գաղափարական հարցեր շոշափելու փոխարեն: Սա հանգեցնում է պառակտման, թշնամանքի, իրար դեմ սև փիառի, որն Արցախի համար աննախադեպ է:
Այնուհանդերձ վստահ եմ, որ, ավարտվելով ընտրությունների փուլը, հնարավորություն կունենանք դարձյալ միասնական օրակարգի շուրջ գործնական քայլեր իրականացնել և համատեղ ուժերով Արցախի դեմ ծառացած հիմնախնդիրները հաղթահարել: