կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-01-30 15:32
Իրավական

Հիմքեր ունեմ ենթադրելու, որ հատուկ ծառայություններն էլ դա արել են․ կոտրել են փաստաբան Հայկ Ալումյանի էլ․փոստի հասցեն

Հիմքեր ունեմ ենթադրելու, որ հատուկ ծառայություններն էլ դա արել են․ կոտրել են փաստաբան Հայկ Ալումյանի էլ․փոստի հասցեն

Ու՞մ ներկայացնեմ հանցագործության մասին հաղորդում, եթե լուրջ հիմքեր ունեմ ենթադրելու, որ հենց հատուկ ծառայություններն էլ դա արել են։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական խմբի անդամ Հայկ Ալումյանը՝ անդրադառնալով իր էլ. հասցեն կոտրելու դեպքին։

Վերջինս տեղեկացրեց, որ այս տարի հունվարի 4-ին հայտնաբերել է՝ կոտրել են իր էլեկտրոնային հասցեն, որի միջոցով իրականացրել է իր ամբողջ փաստաբանական գրագրությունը. «Ցանկացած բան, ինչ փաստաբանը գրում է չհրապարակելու նպատակով, փաստաբանական գաղտնիք է»,-նշեց Հայկ Ալումյանը։

Վերջինս ընդգծեց՝ իրավապահ մարմինների հետ կապված որեւէ պատրանքներ չունի եւ անգամ բավական լուրջ հիմքեր ունի մտածելու, որ հենց իրենք են արել դա. «Սա կարող էր անել որեւիցե հաքեր։ Բայց երբ հաքերները փոստը կոտրում են, հասցեն փոխում են, նրանք դա անշահախնդիր չեն անում։ Երբեւիցե այդպիսի անշահախնդիր հաքերի մասին չեմ լսել, որ զուտ իր հաճույքի համար այդպես փոստեր կոտրի։ Սովորաբար դրանից հետո որոշ ժամանակ անց հաքերն ինչ-որ ճանապարհով առաջարկ է ուղարկում տուժող անձին. առաջարկում է, որպեսզի նա գումար փոխանցի ինչ-որ հաշվի վրա, պայմանով, որ փոստը կվերականգնվի, բայց ես երկար սպասեցի եւ այդպիսի առաջարկներ չեկան։ Դա հիմք է տալիս մտածելու, որ ամենայն հավանականությամբ սա սովորական հաքերային հարձակում չէ, իսկ մնացածն արդեն մնում է ենթադրել, եթե այդպես չէ, ապա ով կարող է դա արած լինել եւ ինչ նպատակով»,-հավելեց փաստաբանը։

Դիտարկմանը, որ օրերս փորձել են կոտրել նաեւ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի փաստաբանական խմբի անդամ Արամազդ Կիվիրյանի էլ. փոստը, արդյոք կապ տեսնու՞մ է այս երկու միջադեպերի մեջ, փաստաբանն արձագանքեց. «Ինչպես նկատել եմ, այդ կարգի բոլոր երեւույթները, որոնց մասին հիմա տեղյակ եմ, պտտվում են մի կոնկրետ գործի շուրջ (նկատի ունի ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործը)։ Հստակ ասել չեմ կարող, բայց միգուցեեւ փոխկապակցված են»,-նշեց Հայկ Ալումյանը։

Նա չգիտի, թե էլ. փոստը կոտրողներն ինչ են փնտրել, սակայն ասաց՝ օրինակ Ռոբերտ Քոչարյանի գործի հետ կապված բոլոր գրագրությունները, փաստաթղթեր ստանալ-ուղարկելը կատարել է հենց այդ փոստի միջոցով. «Այսինքն մեր հատուկ ծառայությունները, եթե իրենք են դա արել, ամբողջությամբ կարող են տեղեկությունբ ստանալ, թե մինչեւ հունվարի 4-ն ինչեր ենք իրար գրել եւ ինչ քայլեր ենք նախապատրաստել այդ գործով»,-հավելեց Հայկ Ալումյանը՝ ընդգծելով, որ հարցին ուրիշ ընթացք է պատրաստվում տալ, որի մասին, սակայն, չցանկացավ բարձրաձայնել։