կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-01-08 14:06
Իրավական

ԱԺ կարիքների համար կեղծ մեդալների ձեռք բերման գործընթացում կատարված չարաշահումների համար երկու անձի մեղադրանքներ են առաջադրվել

ԱԺ կարիքների համար կեղծ մեդալների ձեռք բերման գործընթացում կատարված չարաշահումների համար երկու անձի մեղադրանքներ են առաջադրվել
2019թ. հունիսի 24-ին ՀՀ ԱԺ իրավական սպասարկման բաժնի գլխավոր մասնագետի կողմից հաղորդում է տրվել այն մասին, որ 2016թ սեպտեմբերից ՍՊ ընկերությունը, իսկ 2017թ. հոկտեմբերից մինչև դեկտեմբերն ընկած ժամանակահատվածում անհատ ձեռնարկատերը պայմանագրով նախատեսված արծաթյա մեդալների և հուշամեդալների փոխարեն ԱԺ-ին մատակարարել են մեկ այլ մետաղից պատրաստված մեդալներ և հուշամեդալներ, պատճառելով համապատասխանաբար` 4.5մլն ՀՀ դրամի և 3.5մլն ՀՀ դրամի գույքային վնաս. ըստ yerkir.am-ի` հայտնում է ՀՀ գլխավոր դատախազությունը:
 
Դատախազական պատշաճ հսկողության ներքո ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և  ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով քննվող քրեական գործի նախաքննությամբ տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ ՀՀ ԱԺ աշխատակազմի գործերի կառավարչության նյութատեխնիկական ապահովման բաժնի վարիչ Ք. Խ.-ն, աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական և հաշվապահական ոլորտի մի քանի ստորաբաժանումների պատասխանատու պաշտոնատար անձանց հետ, 2015-2017թթ., դիտավորությամբ շրջանցելով «Գնումների մասին» ՀՀ օրենքով սահմնաված մի շարք դրույթներ, հայտարարել և իրականացրել են «ՀՀ Ազգային ժողովի պատվո մեդալի» և «ՀՀ Ազգային ժողովի նախագահի հուշամեդալի» գնումներ:
 
Դրանց շրջանակում մեկ անձից գնում իրականացնելու գործընթացով, մրցույթների անցկացման ընթացակարգերի խախտումներով, ԱԺ աշխատակազմի համապատասխան պաշտոնատար անձանց և ՍՊ ընկերությունից, վերջինիս փաստացի ղեկավար անձի մտերիմ, անհատ ձեռնարկատեր Ս.Ե.-ից, նախնական պայմանավորվածությամբ, ձեռք են բերվել ՀՀ ԱԺ նախագահի հրամաններին և մատակարարված ապրանքների տեխնիկական բնութագրերին չհամապատասխանող, նախատեսված գնից շուրջ 10 անգամ ցածր արժեքով մեդալներ: ԱԺ աշխատակազմի համապատասխան պաշտոնատար անձինք «Գնումների գործընթացի կազմակերպման» կարգի պահանջի խախտմամբ ընդունել են նախապես հաստատված տեխնիկական բնութագրերին չհամապատասխանող ապրանքներ:
 
Մասնավորապես՝ ըստ ապրանքների գնման հայտի` պատվո մեդալը և հուշամեդալը պետք է պատրաստված լինեն արծաթյա մետաղից` պատված ոսկյա շերտով, իսկ մեկ միավորի կատարման համար նախատեսված առավելագույն գինը պետք է կազմեր 38.000-40.000 դրամ:Մինչդեռ նախաքննության ընթացքում ՀՀ ԱԺ աշխատակազմից առգրավված բոլոր առկա մեդալների ու հուշամեդալների վերաբերյալ նշանակված համալիր դատանյութագիտական և դատաապրանքագիտական փորձաքննության եզրակացության՝ ՀՀ ԱԺ պատվո մեդալներից յուրաքանչյուրի շուկայական արժեքը կազմել է 3700-ից մինչև 4000, իսկ ՀՀ ԱԺ նախագահի հուշամեդալներից յուրաքանչյուրի արժեքը՝ 4000-ից մինչև 4200  ՀՀ դրամ, բոլորը պատրաստված են պղինձ-ցինկ համաձուլվածքից, երեսպատված ոսկու պարունակությամբ արտաքին շերտով:Քրեական վարույթի շրջանակներում իրականացված հուշամեդալների հետ կապված գործարքների ուսումնասիրությամբ պարզվել է, որ նշված ժամանակահատվածում կատարվել է ընդհանուր թվով 32 գործարք՝ 30մլն ՀՀ դրամ արժողությամբ, որի մեծ մասը վերոնշյալ ՍՊ ընկերության և Ա/Ձ-ի հետ:
 
ՀՀ ԱԺ-ի կարիքների համար նշված սխեմայով 278 հատ ՀՀ Ազգային ժողովի նախագահի հուշամեդալ և 75 հատ ՀՀ Ազգային ժողովի պատվո մեդալ ձեռք բերելու գործընթացում վատնման եղանակով առանձնապես խոշոր չափերով մոտ 9.5մլն ՀՀ դրամ գումար հափշտակելու համար ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով մեղադրանք է առաջադրվել ՀՀ ԱԺ աշխատակազմի գործերի կառավարչության նյութատեխնիկական ապահովման բաժնի վարիչ Ք. Խ.-ին, ինչպես նաև նրան օժանդակելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ նշված ՍՊ ընկերության գործունեությունը փաստացի ղեկավարող Գ. Գ.-ին: Վերջինիս կողմից վերականգնվել է պատճառված վերոնշյալ վնասը:Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի որոշմամբ երկու մեղադրյալների նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը՝ միաժամանակ երկուսի դեպքում էլ նույն որոշումներով բավարարվել են մեղադրյալների պաշտպանների` կալանավորումը գրավով փոխարինելու մասին միջնորդությունները:
 
Դատարանի նշված որոշումների դեմ՝ մեղադրյալների նկատմամբ գրավի կիրառումը թույլատրելի ճանաչելու մասով, դատավարական հսկողություն իրականացնող դատախազի կողմից տարվել են վերաքննիչ բողոքներ, որոնք ՀՀ վերաքննիչ դատարանի որոշումներով մերժվել են:ՀՀ ԱԺ աշխատակազմի գործերի կառավարչության նյութատեխնիկական ապահովման բաժնի վարիչի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ 2019թ. դեկտեմբերի 23-ին ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի կողմից արդեն իսկ ներկայացվել է վճռաբեկ բողոք, իսկ նշված ՍՊԸ փաստացի ղեկավարի մասով ՀՀ վերաքննիչ դատարանի որոշման դեմ տարվելիք վճռաբեկ բողոքը ներկայումս պատրաստման փուլում է:
 
Բացի վերոնշյալը, ձեռք են բերվել փաստական տվյալներ ՀՀ ԱԺ աշխատակազմում նշված ժամանակահատվածում նաև առերևույթ այլ կոռուպցիոն չարաշահումների կատարման վերաբերյալ:
 
Նախաքննությունը շարունակվում է: Կատարվում են անհրաժեշտ քննչական և դատավարական գործողություններ` նշված արարքներին առնչված բոլոր անձանց ինքնությունը պարզելու և վերջիններիս քրեական պատասխանատվության ենթարկելու համար: