Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատանքային այցն Ամերիկայի Միացյալ Նահանգներ կատարվել է չարթերային չվերթով, այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը։
«Ի պատասխան բազմաթիվ լրատվամիջոցների հարցումների` տեղեկացնում եմ, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատանքային այցը Ամերիկայի Միացյալ Նահանգներ կատարվել է չարթերային չվերթով, մասնավոր ընկերության միջոցով։ Այցի կազմակերպման համար, ընդհանուր առմամբ, հատկացվող գումարը կարող է հասնել առավելագույնը 165 մլն դրամի, իսկ չարթերային չվերթի կազմակերպման նպատակը պայմանավորված է մի քանի հանգամանքներով: Վարչապետի օրակարգը Միացյալ Նահանգներում խիստ հագեցած է: Արդեն երկար ժամանակ նախապատրաստվում էր Նիկոլ Փաշինյանի այցը Լոս Անջելես, որտեղ կառավարության ղեկավարը մեկ օրում ունեցել է մեկ տասնյակից ավելի հանդիպումներ և միջոցառումներ, որոնց մասին հանրությանը տրվել է պատշաճ տեղեկատվություն։ Այստեղից վարչապետը կրկին հագեցած գրաֆիկով ուղևորվելու է Սան Խոսե` Սիլիկոնյան հովիտ, և կրկին ընդամենը մի քանի ժամում անցկացնելու է մի շարք հանդիպումներ և բանակցություններ բարձր տեխնոլոգիաների ոլորտի առաջատար ընկերությունների հետ: Այնուհետև վարչապետը մեկնելու է Նյու Յորք, ներգրավվելով ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի նստաշրջանի աշխատանքներին: ՄԱԿ-ի կենտրոնական գրասենյակում Նիկոլ Փաշինյանն ունենալու է մեկ տասնյակից ավելի հանդիպումներ և միջոցառումներ։ Միաժամանակ հայտնում եմ, որ սեպտեմբերի 28-ին նախատեսված է Սինգապուրի վարչապետի պաշտոնական այցը Հայաստան, և կառավարության ղեկավարը խնդիր ունի մինչ այդ ժամանելու Երեւան։ Առանց հատուկ թռիչքի կազմակերպման` վարչապետի կարևոր աշխատանքային այցը Միացյալ Նահանգներ նման հագեցած գրաֆիկով և սեղմ ժամկետներում անհնար կլիներ կազմակերպել, մանավանդ, որ վարչապետը չէր կարող չմասնակցել սեպտեմբերի 21-ին Հայաստանում նախատեսված միջոցառումներին, այդ թվում՝ «Մեր ժամանակների հերոսը» մրցանակաբաշխությանը: Այսուհետ եւս, նման կարգավորումներն արվելու են այնպես, որ հնարավորինս նպաստեն երկրի ղեկավարի այցի առավել արդյունավետ կազմակեպմանը»,- գրել է խոսնակը։