Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննված քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ հիմնավորվել է, որ Գ. Դ.-ն ընկերոջ՝ Հ. Ռ.-ի և դստեր ամուսնու` Մ. Մ.-ի հետ նախնական համաձայնության են եկել` ավազակային հարձակմամբ ՀՀ վճռաբեկ դատարանի նախկին նախագահ Արման Մկրտումյանի ընտանիքին պատկանող գույքը հափշտակելու նպատակով:
Հանցավոր մտադրությունն իրականացնելու նպատակով վերջիններս ապօրինի կերպով ձեռք են բերել ու պահել հրազեն հանդիսացող ԱԿՄ տեսակի երկու ինքնաձիգ և ինքնաշեն ատրճանակ:
Պայմանավորվածության համաձայն՝ Գ. Դ.-ն հանցակիցների հետ 2018 թվականի օգոստոսի 28-ին զինված և դիմակավորված մուտք են գործել Արման Մկրտումյանին պատկանող, Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղում գտնվող առանձնատան բակ: Այնտեղ, հանդիպելով Արման Մկրտումյանի և նրա որդու դիմադրությանը, Գ. Դ.-ն, Հ. Ռ.-ն և Մ. Մ.-ն` ապօրինաբար կյանքից զրկելու ուղղակի դիտավորությամբ, ինքնաձիգներից կրակոցներ են արձակել Մկրտումյանների ուղղությամբ, սակայն վերջիններիս կյանքից զրկելու հանցավոր մտադրությունը ավազակային հարձակում գործած անձանց կամքից անկախ հանգամանքներով ավարտին չի հասցվել, քանի որ տուժողներն ակտիվ դիմադրություն են ցուցաբերել:
Կրակոցների հետևանքով Արման Մկրտումյանի առողջությանը պատճառվել են միջին ծանրության, իսկ նրա որդուն` առողջության թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածքներ:
Վերը նշված հանցավոր արարքների կատարման համար Գ. Դ.-ին ու Հ. Ռ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 3-րդ ու 4-րդ կետերով, 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին ու 7-րդ կետերով և 235-րդ հոդվածի 2-րդ մասով, իսկ Մ. Մ.-ին` ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 3-րդ ու 4-րդ կետերով և 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին ու 7-րդ կետերով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկողություն իրականացնող դատախազին` այն դատարան ուղարկելու միջնորդությամբ: