Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մամուլում նախօրեին հրապարակումներ եղան, որ WikiLeaks–ը փաստաթուղթ է հրապարակել, ըստ որի` Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը 2016 թվականի ապրիլին Ֆրանկֆուրտում ԱՄՆ հյուպատոսությունից գաղտնալսող սարքեր է պատվիրել, որոնց օգնությամբ կարելի է պարզել գաղտնաբառերը, կոնտակտները և այլն:
Պարզվում է, որ Հայաստանում ԱՄՆ դեսպանության կողմից ձեռք բերված` բջջային հեռախոսների սպասարկման և բջջային հեռախոսներից տեղեկատվության արտածման նորագույն սարքերը 2016 թվականին նվիրաբերվել են ՀՀ փորձաքննությունների ազգային բյուրոյին։
«2016թ. հունիսին Փորձաքննությունների ազգային բյուրոյի սարք-սարքավորումների ցանկը ԱՄՆ-ի դեսպանության աջակցությամբ «Թմրամիջոցների դեմ պայքարի իրավապահ համագործակցության» (INL) ծրագրի շրջանակներում համալրվել է «Cellebrite UFED Touch Ultimate» փորձագիտական հետազոտական համակարգով, որը բջջային հեռախոսների սպասարկման և բջջային հեռախոսներից տեղեկատվության արտածման նորագույն տեխնոլոգիաների լավագույն համադրությունն է:
«Cellebrite UFED Touch Ultimate» փորձագիտական հետազոտական համակարգը Փորձաքննությունների ազգային բյուրոյի փորձագետներին հնարավորություն է ընձեռում արտածել, վերծանել և վերլուծել բջջային հեռախոսների, պլանշետային համակարգիչների և GPS սարքավորումների լայն տեսականիների հիշողություններում պարունակվող ամբողջ տեղեկատվությունը:
Հետազոտվող տեղեկատվությունը ներառում է սարքավորման հիշողությունում առկա, ինչպես նաև նախկինում ջնջված տեղեկությունները, այդ թվում` կարճ հաղորդագրություններ, վերջին զանգեր, կոնտակտային տվյալներ, լուսանկարներ, ձայնագրություններ, տեսագրություններ, էլ.փոստ, Chat-հաղորդագրություններ, ինտերնետի օգտագործման պատմություն, մուտքանուններ, գաղտնաբառեր, GPS կոորդինատներ և այլն:
Սարքավորումը համալրված է անհրաժեշտ բոլոր մալուխներով, փոխակերպիչներով, աքսեսուարներով և ծրագրային ապահովումներով: Սարքավորման լրակազմի մեջ ներառված է «UFED Link Analysis» ծրագրային ապահովումը, որը հատուկ ստեղծված է իրավապահ ոլորտի աշխատակիցների համար և նախատեսված է մի քանի հետազոտելի բջջային հեռախոսների միջև հնարավոր կապերի հայտնաբերման համար: Սարքավորման լրակազմի մեջ ներառված է նաև «UFED ChineX» գործիքակազմը, որը նախատեսված է անհայտ արտադրողների կողմից թողարկված բջջային հեռախոսների փորձագիտական հետազոտություն իրականացնելու համար:
Կարևոր է նշել, որ 2016թ. հունիսի 24-ից հուլիսի 07-ը «Թմրամիջոցների դեմ պայքարի իրավապահ համագործակցության» (INL) ծրագրի աջակցությամբ Փորձաքննությունների ազգային բյուրոյի համակարգչատեխնիկական փորձաքննությունների բաժնի երկու փորձագետներ մասնակցել են «Cellebrite Mobile Synchronization» ընկերության վերապատրաստման կենտրոնի կողմից անցկացվող «Cellebrite Certified Logical Operator» և «Cellebrite Certified Physical Analyst» վերապատրաստման դասընթացներին: Նշված դասընթացները հատուկ նախատեսված են բջջային հեռախոսների հետազոտման աշխատանքներում ներգրավված փորձագետների համար, որը նվիրված էր «Cellebrite» ընկերության սարքավորումների և ծրագրային ապահովումների միջոցով իրականացվող բջջային հեռախոսների հետազոտման աշխատանքներին: Դասընթացներն անցկացվել են առցանց եղանակով՝ վերապատրաստման ինտերակտիվ համակարգի միջոցով, որը թույլ է տվել ոչ միայն ունկնդրել, այլ նաև դիտել դասընթացին վերաբերող նյութերը, վիրտուալ կերպով ինքնուրույն իրականացնել սարքավորման և ծրագրային ապահովումների հետ աշխտանքներին վերաբերող գործողությունները: Դասընթացների շրջանակներում գործնական պարապմունքներ անցկացնելու համար ԱՄՆ-ից փոստային ծառայության միջոցով ստացվել են հատուկ նախապատրաստված փորձնական բջջային հեռախոսներ։
Վերապատրաստման դասընթացների ավարտին մասնակիցներն անցել են որակավորման թեստեր, հանձնել գործնական քննություններ և ստացել «Cellebrite UFED Ultimate Touch» փորձագիտական հետազոտական համակարգով աշխատելու հմտությունների ձեռք բերման վերաբերյալ համապատասխան վկայագրեր:
Ներկայումս Փորձաքննությունների ազգային բյուրոյում «Cellebrite UFED Ultimate Touch» փորձագիտական հետազոտական համակարգով իրականացվում են հետազոտական աշխատանքներ, ինչպես ՀՀ-ում քրեական հետապնդում և արդարադատություն իրականացնող մարմինների համապատասխան որոշումների հիման վրա դատական փորձաքննությունների կատարման ժամանակ, այնպես էլ պայմանագրային հիմունքներով կատարվող փորձագիտական հետազոտական աշխատանքների ժամանակ:
Կարևոր է նաև նշել, որ վերը նշված սարքի ձեռք բերումից և «Cellebrite UFED Ultimate Touch» փորձագիտական հետազոտական համակարգով աշխատելու վերաբերյալ համապատասխան վկայագիր ստանալուց հետո կազմակերպության համակարգչատեխնիկական փորձաքննությունների բաժինը արդեն իսկ իրականացնել գիտագործնական աշխատանքներ նոր փորձագիտական ուղղությունով՝ հիմք ընդունելով համաշխարհային գիտության առաջադեմ նվաճումները»,- նշված է կառույցի պաշտոնական կայքում: