Հոկտեմբերի 29-ին` ժամը 19:36-ին, Բերդ-Տավուշ ավտոճանապարհին տեղի ունեցած պատահարի հետևանքով տուժածները ավտոմեքենայից դուրս են բերվել քաղաքացիների ուժերով և տեղափոխվել Բերդի բժշկական կենտրոն: Վարորդներից մեկը Բերդի ԲԿ-ում մահացել է:
Տուժած ուղևորների (որոնցից երկու երեխայի վիճակը` ծանր) հրատապ մայրաքաղաք տեղափոխման հարցերը լուծելու նպատակով առողջապահության նախարարության կողմից անմիջապես կազմակերպվել է «Սուրբ Աստվածամայր» և «Արաբկիր» բժշկական կենտրոնների շտապօգնության բրիգադների աշխատանքը` Բերդից տուժածներին ռեանիմոբիլներով հասցնելով Երևանի «Սուրբ Աստվածամայր» բուժկենտրոն:
«Սուրբ Աստվածամայր» կենտրոնի մասնագետների պրոֆեսիոնալ մոտեցման և հրատապ քայլերի արդյունքում ծանր վիճակում գտնվող 2 և միջին ծանրության 1 երեխայի առողջական վիճակն այժմ գնահատվում է կայուն:
Երեխաների մայրը բուժում է ստանում «Էրեբունի» բժշկական կենտրոնում, նրա առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության:
Նախարարությունը շարունակում է ուշադրության կենտրոնում պահել պատահարից տուժածների վիճակը: