կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-07-30 16:24
Հասարակություն

ՀՀ ԶՈՒ սպաները կմասնակցեն Վրաստանում կայանալիք զորավարժությանը

ՀՀ ԶՈՒ սպաները կմասնակցեն Վրաստանում կայանալիք զորավարժությանը

Ս.թ. օգոստոսի 1-ից 15-ը Վրաստանում կայանալիք «Վեհանձն գործընկեր – 2018» (Noble Partner - 2018) զորավարժությանը կմասնակցի ՀՀ ԶՈՒ 4 սպաներից բաղկացած խումբը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից:

ՀՀ ԶՈՒ սպաները կզբաղեցնեն տարբեր շտաբային պաշտոններ զորավարժության շտաբում: Ընտրվել են միջազգային խաղաղության և կայունության առաքելություններում ՀՀ ստորաբաժանումների կողմից կատարվող խնդիրներին առնչվող պաշտոններ:

Զորավարժությունն անցկացվելու է համատեղ Եվրոպայում ԱՄՆ ցամաքային զորքերի և Վրաստանի զինված ուժերի կողմից Վրաստանի Վազիանի և Նորիո ուսումնական կենտրոններում: Զորավարժությունը չի կազմակերպվում ՆԱՏՕ-ի կողմից, դրան հրավիրված են մասնակցելու ՆԱՏՕ-ի անդամ և գործընկեր երկրները շտաբային սպաներով կամ ստորաբաժանումներով: Զորավարժությանը ՀՀ ԶՈՒ ներկայացուցիչների մասնակցությունը պայմանավորված է Վրաստանի պաշտպանության նախարարության հրավերով: 2017թ. նույն զորավարժությանը ՀՀ զինված ուժերից մասնակցել է 40 հոգանոց անձնակազմ ունեցող դաշտային հոսպիտալը:

2018 թվականին ԱՄՆ աջակցությամբ ձեռքբերված և պատրաստվող դաշտային հոսպիտալի մասնակցությունը «Վեհանձն գործընկեր – 2018» զորավարժությանը հնարավոր չէ, քանի որ հոսպիտալը հուլիսի 22-ից 27-ը Հայաստանում ներգրավված է եղել միջազգային գնահատման զորավարժություններում, և մի քանի օրերի ընթացքում դրա վերատեղակայումը այլ վայրը հնարավոր չէ: ՀՀ ԶՈՒ ներկայացուցիչների մասնակցության ձևաչափը և մասնակցության պայմանները համաձայնեցվել են վրացի գործընկերների հետ հունիսի սկզբին տեղի ունեցած զորավարժության պլանավորման համաժողովի ընթացքում: