կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-07-25 17:13
Հասարակություն

Վերաքննիչ դատարանի որոշումը մասնակի կբողոքարկվի. Վաչագան Ղազարյանի փաստաբան

Վերաքննիչ դատարանի որոշումը մասնակի կբողոքարկվի. Վաչագան Ղազարյանի փաստաբան

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի մտերիմ, թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանի փաստաբան Արմեն Հարությունյանը հայտարարությամբ է հանդես եկել, որը ներկայացնում ենք ստորեւ. «Ծանոթանալով ՀՀ Վերաքննիչ դատարանի որոշման հետ, որոշվել է այն մասնակի բողոքարկել Վճռաբեկ դատարան։ Որոշումը չի բողոքարկվի գրավի մասով։

2018 թվականի ապրիլի 9-ից հետո ՀՀ քրեական օրենսգրքի 310.1 և 314.3 հոդվածներով նախատեսված արարքները սուբյեկտի մասով ապաքրեականացվել են։ Այս կարևորագույն իրավական հարցին Վերաքննիչ քրեական դատարանը իր որոշմամբ պատշաճ գնահատական չի տվել։ Մեր կարծիքով Վճռաբեկ դատարանը իր լիազորությունների շրջանակներում պետք է կայացնի նախադեպային որոշում, դրանով իսկ ձևավորելով իրավակիրառ միատեսակ պրակտիկա։

Ինչ վերաբերում է Վաչագան Ղազարյանի համար սահմանված գրավի գումարին և այն վճարած անձի վերաբերյալ տեղեկություններին, ապա այս պահին նպատակահարմար չենք համարում հրապարակել որևէ տեղեկություն՝ ելնելով նախաքննության գաղտնիքից և բանկային գաղտնիքից։ Հաշվի առնելով հանրային հետաքրքրությունը Վաչագան Ղազարյանի գործի վերաբերյալ, հայտարարում ենք, որ մինչ օրս լրատվության տարբեր միջոցներում հրապարակված անունները և անձինք /Ալիկ Ավդալյան, Կամո Ավակումյան, Ռուբեն Թաթուլյան / որևէ կապ չունեն Վաչագան Ղազարյանի գրավի վճարման հետ։ Նշված տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը»։

 Yerkir.am- Հիշեցնենք, որ Վաչագան Ղազարյանի խափանման միջոց կալանքը փոխվել էր 1 մլրդ դրամ գրավի դիմաց: