կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-07-17 17:17
Իրավական

Ոստիկանին մեղադրանք է առաջադրվել լրագրող Տիրայր Մուրադյանի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու համար

Ոստիկանին մեղադրանք է առաջադրվել լրագրող Տիրայր Մուրադյանի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու համար

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակներում 17.07.2018թ.-ին Ա. Թ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանրորեն վտանգավոր այն արարքի կատարման համար, որ նա, հանդիսանալով ՀՀ ոստիկանության պետական ծառայություն իրականացնող պաշտոնատար անձ, ոստիկանության մեկ այլ ծառայողի` Ս. Թ.-ի հետ խոչընդոտել են «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության ներկայացուցիչ, լրագրող Տիրայր Մուրադյանի մասնագիտական օրինական գործունեությանը:

Այսպես, 2018 թվականի ապրիլի 19-ին ՀՀ կառավարական 3-րդ մասնաշենքի հարակից տարածքում հասարակական կարգն ու անվտանգությունն ապահովելու նպատակով նշված վայր են ժամանել ՀՀ ոստիկանության աշխատակիցները, այդ թվում` օպերլիազորներ Ա. Թ.-ն և Ս. Թ.-ն: Վերջիններս, նկատելով, որ լրագրող Տ. Մուրադյանը տեսախցիկի միջոցով լուսաբանում է ինչպես տվյալ վայրում բողոքի զանգվածային ակցիաներ իրականացնող քաղաքացիների և ոստիկանության ծառայողների, այնպես էլ իրենց գործողությունների ընթացքը, տեսախցիկի տիրույթում չհայտնվելու, ինչպես նաև լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու դիտավորությամբ մոտեցել են Տ. Մուրադյանին: Ս. Թ.-ն հարվածել է վերջինիս կրծքավանդակին, այնուհետև, անտեսելով լրագրող լինելու մասին նրա հավաստիացումները և լրագրող հանդիսանալու հանգամանքը հաստատող վկայականի առկայությունը, Ա. Թ.-ի հետ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելով` ոտքերով և ձեռքերով հարվածներ են հասցրել Տ. Մուրադյանի մարմնի տարբեր մասերին, նրան պատճառել մարմնական վնասվածքներ: 

Վերը նշված հանցավոր արարքի կատարման համար 14.06.2018թ.-ին ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի 1-ին մասով մեղադրանք էր առաջադրվել նաև ոստիկան Ս. Թ.-ին:

Նախաքննությունը շարունակվում է: