Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչությունում ձեռնարկված անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են Երևանի բնակիչ Կ.Խաչատրյանի ընտանիքին ազատությունից ապօրինի զրկելու և շորթում կատարելու դեպքի հանգամանքները: Մեղադրանք է առաջադրվել 3 անձի, ևս երկու հոգու նկատմամբ հայտարարվել է հետախուզում։
Մասնավորապես՝ քրեական գործով բավարար ապացույցներ են ձեռք բերվել առ այն, որ օտարազգի երկու եղբայր Ռուսաստանում գումարի վերաբերյալ տարաձայնություններ են ունեցել հայազգի Հ.Խաչատրյանի հետ և տեղյակ լինելով, որ նրա եղբայրը՝ Կ.Խաչատրյանը, բնակվում է Երևանում՝ կազմակերպել են վերջինիս ընտանիքի ապօրինի ազատությունից զրկելը՝ գումար շորթելու նպատակով։ Հանցավոր մտադրությունն իրականացնելու նպատակով ենթադրյալ հանցագործություն կատարած անձինք 2018 թվականի մայիսի 19-ին՝ ժամը 23:30-ի սահմաններում, ներխուժել են Կ.Խաչատրյանի բնակարան, որտեղ այդ պահին գտնվել են նրա երկու մանկահասակ երեխաները, մայրը, եղբոր կինը՝ իր երկու անչափահաս երեխաների հետ միասին, ու հայտարարել, թե Կ.Խաչատրյանի՝ Ռուսաստանում գտնվող եղբայրը քրեական հեղինակություն համարվող օտարազգի եղբայրներին պարտք է 10 մլն ՌԴ ռուբլի։ Ապա պահանջել են նշված գումարը՝ սպառնալով սպանել ընտանիքի բոլոր անդամներին, այդ թվում՝ երեխաներին։
Ենթադրյալ հանցագործություն կատարած անձանցից մեկը՝ իգական սեռի ներկայացուցիչ, մնացել է բնակարանում և բանալիով փակել դուռը։ Քիչ անց աշխատանքից վերադարձել է նաև Կ.Խաչատրյանի կինը, ում նույնպես մյուսների հետ միասին ապօրինի զրկել են ազատությունից՝ մինչև մայիսի 21-ը ժամը 18-ը՝ թույլ չտալով դուրս գալ տանից։
Քննությամբ բավարար ապացույցներ են ձեռք բերվել, որ քրեական հեղինակություն համարվող եղբայրներն այդ ընթացքում պարբերաբար հեռախոսազանգերի, ինչպես նաև «Վայբեր» ծրագրի միջոցով կապ են հաստատել Կ.Խաչատրյանի բնակարան ներխուժած անձանց հետ և ցուցումներ տվել հետագա գործողությունների վերաբերյալ։
Սպառնալիքների ազդեցության ներքո Կ.Խաչատրյանը ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց է փոխանցել իր մոտ առկա 3.880.000 ՀՀ դրամին համարժեք 500.000 ՌԴ ռուբլին։
Քրեական գործով կատարված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում պարզվել է ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը։
Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ 3 անձի մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 133-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 4-րդ, 6-րդ, 7-րդ կետերով և 182-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, որոնցից մեկի նկատմամբ դատարանը կիրառել է այլընտրանքային խափանման միջոց գրավ։
Եվս երկու անձ՝ քրեական հեղինակություն համարվող եղբայրները, որպես մեղադրյալ են ներգրավվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-133-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 4-րդ, 6-րդ, 7-րդ կետերով և 38-182-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով և նրանց նկատմամբ այսօր հայտարարվել է հետախուզում։
Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է: