կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-05-23 19:41
Հասարակություն

Դավիթ Տոնոյանը հանդիպել է Սերգեյ Շոյգուի հետ

Դավիթ Տոնոյանը հանդիպել է Սերգեյ Շոյգուի հետ

Մայիսի 23-ին Աստանայում` Ղազախստանի Հանրապետության պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Սակեն Ժասուզակովի նախագահությամբ, տեղի է ունեցել ՀԱՊԿ անդամ պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստը:

Նիստին, որին մասնակցել են ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը և ՀԱՊԿ Միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովը, քննարկվել են օրակարգային հարցեր, ուղղված ՀԱՊԿ շրջանակում ռազմական համագործակցության ամրապնդմանը և կազմակերպության ռազմական բաղադրիչի հետագա զարգացմանը, ստորագրվել են մի շարք որոշումներ:

Նիստի շրջանակներում ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը երկկողմ հանդիպում է ունեցել Ռուսաստանի Դաշնությանպաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի հետ։ Հանդիպման ընթացքում ՀՀ և ՌԴ պաշտպանության նախարարները շնորհավորել են միմյանց՝ այդ պաշտոններում նշանակման կապակցությամբ և փոխադարձ պատրաստակամություն հայտնել համատեղ ջանքեր ներդնել ինչպես երկկողմ, այնպես էլ ՀԱՊԿ շրջանակներում հայ-ռուսական ռազմավարական դաշնակցային հարաբերությունները զարգացնելու, մի շարք ոլորտներում փոխգործակցության առավել բարձր մակարդակ ապահովելու հարցում։ Քննարկվել են նաև տարածաշրջանային ու միջազգային անվտանգության օրակարգային հարցեր, առկա սպառնալիքներին համատեղ ուժերով արձագանքելու հնարավորությունները։

ՀԱՊԿ անդամ պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի նիստի մասնակիցներին ընդունել է Ղազախստանի Հանրապետության նախագահ Նուրսուլթան Նազարբաևը: