կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-02-07 19:46
Իրավական

Հափշտակել է քաղաքացու դրամապանակը, բանկային քարտով գումար կանխիկացրել

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու քաղաքացու՝ գողացված բանկային քարտով գումար կանխիկացնելու փորձ կատարած անձի ինքնությունը։

2017թ. նոյեմբերի 9-ին հաղորդում է ստացվել առ այն, որ նույն օրը՝ ժամը 13:00-ից  14:00-ի սահմաններում, ենթադրյալ հանցագործություն կատարած անձը երթուղային տաքսու մեջ հափշտակել է քաղաքացու դրամապանակը, որի մեջ եղել են կանխիկ գումար, բանկային և այլ քարտեր: Բանկային քարտերից մեկով նույն օրը կատարվել են գումարի կանխիկացման փորձեր:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, որով նախաքննությունն իրականացվում է Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների  քննչական բաժնում:  Ձեռնարկվում են անհրաժեշտ գործողություններ՝ գողացված բանկային քարտով գումար կանխիկացնելու փորձի հանգամանքները պարզելու ուղղությամբ։

Նախաքննության ընթացքում ստացվել է բանկոմատի անվտանգության տեսախցիկների՝ գողացված  քարտով կատարված գործարքի տեսագրությունը, ենթարկվել զննության:

Քրեական գործով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննությունն ապահովելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում՝ տեսանյութում պատկերված գլխարկով տղամարդուն հայտնաբերելու, այլ քաղաքացու` գողացված բանկային քարտը նրա մոտ հայտնվելու հանգամանքները պարզելու ուղղությամբ։

Խնդրում ենք նշված անձին ներկայանալ վարույթն իրականացնող մարմնին կամ ովքեր ճանաչում են նրան, որևէ տեղեկություն ունեն նրա ինքնության կամ գտնվելու վայրի մասին, հայտնեն ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին: