|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է Հայաստանում Լեհաստանի արտակարգ և լիազոր դեսպան Եժի Նովակովսկիին:
Նշելով, որ այս տարի լրանում է Հայաստանի և Լեհաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը՝ վարչապետը կարևորել է երկկողմ համագործակցության զարգացումն ու խորացումը տարբեր ոլորտներում, հատկապես, տնտեսության բնագավառում: Կարեն Կարապետյանը ընդգծել է Հայաստանում լեհական ընկերությունների գործունեության հաջող օրինակներ և անհրաժեշտ համարել հայ-լեհական միջկառավարական հանձնաժողովի աշխատանքների էլ ավելի ակտիվացումը, ինչպես նաև գործարար համաժողովների անցկացումը:
«Մենք ունենք բազմաթիվ ներդրումային նախաձեռնություններ և ակնկալում ենք Ձեր աջակցությունը՝ դրանք նաև լեհ գործարարներին ներկայացնելու հարցում: Համոզված եմ, տնտեսական կապերն ակտիվացնելու և զարգացնելու համար ունենք մեծ ներուժ»,- նշել է վարչապետը:
Դեսպանը ևս կարևորել է երկու երկրների գործարարների համագործակցությունը, առևտրաշրջանառության ծավալների ավելացումը և վստահեցրել, որ այդ ուղղությամբ իրականացվում են անհրաժեշտ քայլեր: Եժի Նովակովսկիի խոսքով, բազմաթիվ լեհ գործարարներ շահագրգռված են հայկական շուկա մուտք գործելու հարցում և պատրաստ ներգրավվել վերականգնվող էներգետիկայի, շինարարության, տրանսպորտի ու այլ ոլորտներում իրականացվելիք ծրագրերում:
Հայ-լեհական կապերի ամրապնդման գործում զրուցակիցները կարևորել են նաև Վարշավա-Երևան ավիաչվերթերի վերագործարկման փաստը: Կարեն Կարապետյանը և Եժի Նովակովսկին անդրադարձ են կատարել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի: