Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը և Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձներ են փոխանակել ՀՀ և ՌԴ միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի կապակցությամբ:
ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինին ուղղված Նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձում մասնավորապես ասված է.
«Հարգելի՛ Վլադիմիր Վլադիմիրի,
Սրտանց շնորհավորում եմ Ձեզ Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի կապակցությամբ:
Հայ-ռուսական բարեկամության, եղբայրության և փոխադարձ աջակցության բազմադարյա հարաբերությունների պատմության մեջ այս նշանակալի իրադարձությունը բացեց որակապես նոր փուլ, դրեց Հայաստանի և Ռուսաստանի միջև դաշնակցային ռազմավարական գործընկերության հիմքը:
Չափազանց կարևոր է, որ երկկողմ համագործակցության հետագա ամրապնդման քաղաքականությունը մեծ աջակցություն է վայելում մեր երկրների հասարակությունների կողմից, իսկ Ձեզ հետ հանդիպումներում վստահության և փոխըմբռնման մթնոլորտը թույլ է տալիս ընդունել և իրագործել իսկական դաշնակցային ոգուն բնորոշ որոշումներ:
Այսօր Հայաստանի և Ռուսաստանի միջև հարաբերությունները գտնվում են ամենաբարձր մակարդակի վրա, աչքի են ընկնում ակտիվ քաղաքական երկխոսությամբ, տարածաշրջանային և միջազգային հարթակներում քայլերի արդյունավետ կոորդինացմամբ, հարավկովկասյան տարածաշրջանում խաղաղության և անվտանգության ապահովման համատեղ ջանքերով:
Մենք կայացրել ենք կարևոր որոշումներ տնտեսության, հումանիտար և այլ ոլորտներում համատեղ նախագծերի առաջմղման ուղղությամբ, թափ են առնում միջխորհրդարանական և միջտարածաշրջանային կապերը:
Ռուսաստանը և Հայաստանը ծանրակշիռ ներդրում են ունենում եվրասիական ինտեգրացիոն գործընթացի, ՀԱՊԿ-ի, ԱՊՀ-ի, այլ բազմակողմ կառույցների շրջանակներում համագործակցության ամրապնդման գործում:
Այս ամենն աներկբա վստահություն է ներշնչում, որ հսկայական ներուժ ունեցող հայ-ռուսական բազմաբնույթ համագործակցությունը մեր համատեղ ջանքերի շնորհիվ հետագայում ևս կշարունակի խորանալ՝ ներառելով արգասաբեր փոխգործակցության նորանոր բնագավառներ, ինչը, անկասկած, համապատասխանում է Հայաստանի և Ռուսաստանի ժողովուրդների շահերին և իղձերին:
Հարգելի՛ Վլադիմիր Վլադիմիրի, անկեղծորեն մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, հաջողություններ Ձեր գործունեության մեջ, իսկ Ռուսաստանի եղբայրական ժողովրդին՝ բարօրություն և բարգավաճում»: