Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Պաշտոնական այցով Ռուսաստանի Դաշնությունում գտնվող ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14-ին այցելել է Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտ (ՄԳԻՄՕ):
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը Մոսկվայից, ինստիտուտում Սերժ Սարգսյանին դիմավորել է ինստիտուտի ռեկտոր Անատոլի Տորկունովը: Ինստիտուտում շրջելուց հետո ՀՀ Նախագահը հանդիպում է ունեցել ՄԳԻՄՕ-ի ուսանողության և պրոֆեսորադասախոսական կազմի հետ:
Հանդիպման մեկնարկին ինստիտուտի ռեկտոր Անատոլի Տորկունովն ընթերցել է ՄԳԻՄՕ-ի գիտական խորհրդի որոշումը, որով ՀՀ Նախագահին շնորհվել է ինստիտուտի «Պատվավոր դոկտորի» կոչում: Ներկայացնելով հյուրին` ռեկտորը նշել է, որ ՀՀ Նախագահի` ՄԳԻՄՕ կատարած այցը մեծ հարգանքի նշան է ուսանողության և հենց այդ համալսարանի նկատմամբ:
«Ձեր այցն անցնում է Ռուսաստանի և Հայաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի նախօրեին: Հայաստանը Ռուսաստանի ամենակարևոր դաշնակիցներից է ոչ միայն հետխորհրդային տարածքում, այլև աշխարհում»,- դիմելով ՀՀ Նախագահին` նշել է Տորկունովը:
Պարգևատրման արարողության ավարտին հնչեց համալսարանականների հիմնը` «Գաուդեամուսը»: ՀՀ Նախագահն էլ շնորհակալություն է հայտնել ինստիտուտի գիտական խորհրդին կոչումի շնորհման համար և շեշտեց, որ ՄԳԻՄՕ-ն իր ներդրումն է ունեցել հայտնի դիվանագետների, քաղաքական-պետական գործիչների, բիզնեսմենների ու լրագրողների պատրաստման գործում:
«Կցանկանայի այսօր շնորհակալությամբ նշել այն կարևոր ներդրումը, որ ՄԳԻՄՕ-ն ունի Հայաստանի Հանրապետության համար կադրերի պատրաստման գործում, ովքեր կիրառել ու կիրառում են իրենց գիտելիքների պաշարը, որ ձեռք են բերել այս կարևոր կրթական հաստատությունում, միջազգային հարաբերությունների ոլորտում, այդ թվում` մեր երկրների միջև բարեկամական և դաշնակցային հարաբերությունների ամրապնդման գործում»,- ընդգծել է Սերժ Սարգսյանը: