կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2015-12-29 19:12
Սպորտ

Հենրիխ Մխիթարյանն այցելել է «Զատիկ» երեխաների աջակցության կենտրոն

Հենրիխ Մխիթարյանն այցելել է «Զատիկ» երեխաների աջակցության կենտրոն

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան  Հենրիխ Մխիթարյանն այսօր անակնկալ այցելություն կատարեց «Զատիկ» երեխաների աջակցության կենտրոն: Մխիթարյանի այցելությունը մեծ խանդավառություն առաջացրեց երեխաների շրջանում, որոնք բոլորն էլ ճանաչում և սիրում էին Հենրիխին, դիտում նրա մասնակցությամբ հանդիպումները, երկրպագում նրան և ուրախանում նրա հաջողություններով:
  Մխիթարյանը սեղանի թենիս խաղաց երեխաների հետ, լուսանկարվեց գրեթե բոլորի հետ՝ շատերի հետ առանձին-առանձին և իհարկե՝ խմբով: Երեխաները սկսեցին վանկարկել Հենո, Հենո, Հայաստան, Հայաստան: Մինչ Հենրիխը կցանկանար շնորհավորել  Ամանորի և գալիք Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ, երեխաներն արտասանեցին Հայր Մերը, որին միացավ և Հենրիխը:

«Նախ և առաջ ցանկանում եմ շնորհավորել բոլորիդ գալիք Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ: Մաղթում եմ, որ միշտ առողջ լինեք, լավ մարդ դառնաք, կյանքում ունենաք շատ հաջողություններ և ապագայում կազմեք լավ ընտանիք, որպեսզի ձեր նման գեղեցիկ երեխաներ ունենաք»,- երեխաներին դիմելով՝ ասաց Մխիթարյանը:

Այնուհետև Հենրիխ Մխիթարյանը բոլոր երեխաներին հանձնեց նվերներ, իսկ «Զատիկ» երեխաների աջակցության կենտրոնին՝ համակարգիչներ: Երեխաները խոստացան անպայման ֆուտբոլ նայել և խաղալ, իսկ ամենակարևորը՝ շատ կարդալ այդ համագարգիչների օգնությամբ:

 Վերջում երեխաները ներկայացրեցին իրենց կողմից բեմադրված պարային համարներ: Ինչպես երեխաները, այնպես էլ կենտրոնի ղեկավարությունն ու անձնակազմը իրենց երախտագիտությունը հայտնեցին Հենրիխ Մխիթարյանին: Նրանք մի քիչ շփոթված էին Հենրիխի անակնկալից:

 ՀՖՖ պաշտոնական կայք