կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2015-12-18 18:00
Հասարակություն

Գլխավոր տոնածառի լույսերը կմիանան դեկտեմբերի 21-ին

Գլխավոր տոնածառի լույսերը կմիանան դեկտեմբերի 21-ին

Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը մայրաքաղաքում ամանորյա տոնական միջոցառումների ծրագրի ու տոնական ձևավորման վերաբերյալ մանրամասներն է ներկայացրեց լրագրողների հետ հանդիպման ժամանակ: Նա տեղեկացրեց, որ տոնական միջոցառումների մեկնարկը կտրվի դեկտեմբերի 21-ին` ժամը 20:00-ին, Հանրապետության հրապարակում՝ գլխավոր տոնածառի լույսերի և մայրաքաղաքի արտաքին տոնական լուսավորության միացմամբ: 

Երևանի քաղաքապետարանը Ամանորը Հանրապետության հրապարակում դիմավորել ցանկացող երևանաբնակներին, ինչպես նաև մայրաքաղաքի հյուրերին դեկտեմբերի 31-ին` ժամը 22:00-ից հրավիրում է տոնական համերգային ծրագրի: Ինչպես այս, այնպես էլ մյուս միջոցառումների ժամանակ սպասվում են թեմատիկ նոր երգերի պրեմիերաներ: Այդ օրը մետրոպոլիտենը կաշխատի մինչև ժամը 02:00-ը: 

Հունվարի 5-ին մայրաքաղաքի գլխավոր տոնածառի շուրջ կանցկացվի «Քեզ՝ փոքրիկ» մանկական զվարճալի ծրագիրը: Իսկ հունվարի 6-ին Սուրբ Ծննդյան տոնին նվիրված համերգային ծրագրի շրջանակում կհնչեն հոգևոր ու ազգային երաժշտություն և երգեր: 

«Հատկապես վերջին տարիներին մեր համաքաղաքացիների շրջանում աճել է բացօթյա միջոցառումների նկատմամբ հետաքրքրությունն ու սերը: Սա, իհարկե, շատ հաճելի է, սակայն, միաժամանակ պարտավորեցնում է` ամեն անգամ մտածել նոր ու առավել հետաքրքիր լուծումներ»,- նշեց Արամ Սուքիասյանը:

Տոնական բոլոր օրերին` առավոտյան ժամը 12-ից մինչ 20:00-ն, Երևան ժամանած Ձմեռ պապը Հանրապետության հրապարակի շատրվանների հատվածում պատրաստված դղյակում կընդունի բոլոր փոքրիկներին, ովքեր կարող են հանդիպել Ձմեռ պապին, զրուցել, լուսանկարվել նրա հետ: 

Միջոցառումների ծրագրում առկա է նաև սոցիալական բաղադրիչ, որի շրջանակում սոցիալապես անապահով ընտանիքներին կցուցաբերվի համապատասխան օժանդակություն:  «Սոցիալական բաղադրիչի շնորհիվ մայրաքաղաքի շուրջ 23 հազար անապահով ընտանիքների վարչական շրջանների աշխատակազմերի միջոցով կտրամադրվի պարենային աջակցություն: Շուրջ 40 հազար երեխաների համար նույնպես նվերներ են նախապատրաստված: Բացի այդ` ևս 4000 երեխաներ էլ հնարավորություն կունենան անվճար այցելելու քաղաքապետարանի ենթակայության թատրոններ, դիտելու ամանորյա ներկայացումներ»,- ընդգծեց Արամ Սուքիասյանը:

Մայրաքաղաքի արտաքին լուսավորության վերաբերյալ նշվեց, որ աշխատանքներն այս տարի ընդգրկել են վարչական շրջանների ավելի մեծ թվով հատվածներ: Տարվա հիմնական խորհրդանիշ գույնն է լինելու մուգ կարմիրը, ինչն ընդգծվելու է նաև տոնական ձևավորումներում: 

Արամ Սուքիասյանը տեղեկացրել է նաև, որ բազմաթիվ բացօթյա և դահլիճային տոնական միջոցառումներ կանցկացվեն բոլոր վարչական շրջաններում: Մայրաքաղաքում ամանորյա միջոցառումները կամփոփվեն հունվարի 13-ին՝ երեկոյան ժամը 20:00-ին՝ «Իմ հին ու նոր Նոր տարի» ծրագրով: