կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-10-27 18:18
Իրավական

Կնոջ 13-ամյա դստեր նկատմամբ անառակաբարո գործողություններ է կատարել, 10-ամյա որդուն էլ ստիպել զբաղվել մուրացկանությամբ

Կնոջ 13-ամյա դստեր նկատմամբ անառակաբարո գործողություններ է կատարել, 10-ամյա որդուն էլ ստիպել զբաղվել մուրացկանությամբ

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում ավարտվել է 37-ամյա տղամարդու կողմից իր հետ փաստացի ամուսնական հարաբերությունների մեջ գտնվող կնոջ անչափահաս աղջկա նկատմամբ պարբերաբար անառակաբարո գործողություններ կատարելու, վերջինիս ավագ քրոջն ազատությունից զրկելու, անչափահաս որդուն մուրացկանությամբ զբաղվելուն պարտադրելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։

Նախաքննության ընթացքում պարզվել է, որ 37-ամյա տղամարդը 2013 թվականին տարբեր առիթներով  հաճախակի այցելել է Արմավիրի մարզի մի ընտանիք, ծանոթացել նշված ընտանիքի անչափահաս 3 երեխաների հետ։ Այցելությունների ընթացքում տղամարդու և երեխաների մոր միջև ձևավորվել են ինտիմ հարաբերություններ, ինչի մասին իմացել է վերջինիս ամուսինը, որն էլ դարձել է վիճաբանության պատճառ։ Կինը հեռացել է ամուսնու տնից և բնակարան վարձակալել, որտեղ սկսել է համատեղ ապրել 37-ամյա տղամարդու հետ: Որոշ ժամանակ անց մոր մոտ բնակության են տեղափոխվել նաև երեխ երեխաներից երկուսը՝ 10-ամյա որդին և 13-ամյա աղջիկը։

Նախնական քննությամբ ձեռք բերված ապացույցների համաձայն՝ 37-ամյա տղամարդը համատեղ բնակվելու ընթացքում՝ 2013թ. օգոստոսից մինչև 2014թ. դեկտեմբերի 29-ն ընկած ժամանակահատվածում, պարբերաբար անառակաբարո գործողություններ է կատարել իր հետ փաստացի ամուսնական հարաբերությունների մեջ գտնվող կնոջ 13-ամյա դստեր նկատմամբ, ինչը շարունակվել է նաև նրա 14 տարին լրանալուց հետո՝ մինչև 2015թ. մայիսը։

Տղամարդու նշված գործողությունների մասին իմացել է 13-ամյա աղջկա ավագ քույրը (ծնված 1996թ.), ով 2013թ. նոյեմբերի կեսերին նշված հարցի շուրջ վիճաբանել է նրա հետ։ Վերջինս ավագ քրոջը  պատժելու նպատակով ապօրինի զրկել է նրան ազատությունից` մեկ գիշեր պահել է տան նկուղում: Քրոջը նկուղից ազատել է փոքր եղբայրը հաջորդ օրն առավոտյան, երբ տղամարդը տնից բացակայել է։

Քննությամբ պարզվել է նաև, որ տղամարդը 2013թ. նոյեմբերից մինչև 2014թ. գարունն ընկած ժամանակահատվածում ստիպել է նաև կնոջ անչափահաս որդուն՝ 10-ամյա տղային, Արմավիր քաղաքում զբաղվել մուրացկանությամբ, որի արդյունքում գոյացած գումարն ստացել ու ծախսել է  իր անձնական կարիքների համար:

Տղամարդու  կողմից անչափահասների նկատմամբ ոտնձգությունները դադարել են՝ անչափահաս երեխաների ուսումը շարունակելու համար 2015թ. ապրիլին նրանց հատուկ կրթահամալիր տեղափոխվելուց հետո:

Կատարվածի մասին անչափահաս աղջիկը հայտնել է կրթահամալիրի հոգեբանին, իսկ 2015թ. հունիսի 15-ին գրավոր հաղորդում է ներկայացրել ավագ քույրը։

Մինչդատական վարույթում ձեռք բերված ապացույցների համակցությամբ` 37-ամյա տղամարդուն  մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 132.2-րդ հոդվածի 1-ին մասով, 133-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով, 142-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 4-րդ կետերով և 142-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 4-րդ կետերով։  Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին, մեղադրական եզրակացությունը հաստատվել է, և գործն ուղարկվել Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարան: