կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-06-12 12:40
Քաղաքական

Նոր որակի զարգացումներ՝ առաջիկայում

Նոր որակի զարգացումներ՝ առաջիկայում

ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանն այսօր` խորհրդարանական լսումների ընթացքում, ամփոփելով անցած քառօրյան, նախ շնորհավորեց նստաշրջանի ավարտի կապակցությամբ, ապա խոստացավ, որ առաջիկայում նոր որակի զարգացումներ են սպասվում` Սահմանադրության հետ կապված: Նա նշեց նաև` իրենք ուզում են, որ հանրաքվե տեղի ունենա:

«Այսօրվա օրենսդրության մեջ անհամապատասխանության կա, և մենք փորձում ենք այդ անհամաձայնությունները վերացնել: Կան մարդիկ, ովքեր զարգացումները միանգամից ու հենց հիմա են ուզում»,- նշեց Վարդանյանը` հավելելով. «Երբ Ընտրական օրենսգրքի բարեփոխման փուլ տեղափոխվենք, բոլորդ էլ կտեսնեք ՀՅԴ-ի մոտեցումները: Մենք ուզում ենք իշխանության վերարտադրությունը վերացնել»:

Պատգամավորը նշեց նաև, որ, վերջին ամիսների ներքաղաքական և Ցեղասպանության հարյուրամյա տարելիցի հետ կապված զարգացումները հաշվի առնելով, պետք է կարողանանք այս դրական ֆոնը պահել: «Պետք է կարողանանք ճիշտ օգտագործել և երկրի հիմքում դրական տեղաշարժեր անել: Այս` քիչ թե շատ հանդարտ վիճակը երկրի զարգացմանը պետք ծառայեցնենք»,- ասաց նա:

Աղվան Վարդանյանն անդրադարձավ նաև այն հարցին, որ ԵԽԽՎ հանձնաժողովը բանաձև է ընդունել այն մասին, որ «Հայաստանը օկուպացրել է Ղարաբաղը»: Նա նշեց, որ ադրբեջանական լոբբինգը լավ է աշխատում: Հիմնական խնդիրն այն է, որ Վեհաժողովը փորձում է ցույց տալ, որ Մինսկի շրջանակներից դուրս է քննարկվում Ղարաբաղի խնդիրը:

«Պետք չէ ողբերգություն սարքել սրանից: Սա աշխարհաքաղաքական խնդիր է, և պետք է հավասարակշռված քաղաքական դիրքորոշում ձևավորել: Այսօր ձևավորվել է ուժեղ ադրբեջանական լոբբի, որը Հայաստանը չի կարողանում հաղթահարել»,- նշեց Վարդանյանը` հավելելով. «Քանի դեռ մենք կարողանում ենք պահպանել Մինսկի ձևաչափը, որևէ լուրջ հետևանք մեր երկրի համար նման բանաձևերը չեն կարող ունենալ»: