կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-06-01 15:35
Իրավական

Թե ինչու է կինը սպառնացել ցած նետվել ծննդատան պատուհանից

Թե ինչու է կինը սպառնացել ցած նետվել ծննդատան պատուհանից

Այսօր` ժամը 12:00-ի սահմաններում, ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հանրապետական ծննդատան 5-րդ հարկի պատուհանից մի կին փորձում է ցած նետվել: Դեպքի վայր է ժամանել փրկարարների օպերատիվ խումբը: Պարզվել է, որ ինքնասպանության փորձ կատարողը Լոռու մարզի 29-ամյա բնակչուհի Ս. Կ-ն է:

ՀՀ ոստիկանությունից yerkir.am-ին հայտնեցին, որ փաստի առթիվ ոստիկանության Մաշտոցի բաժնում նյութեր են նախապատրաստվում:

Yerkir.am-ի հետ զրույցում հանրապետական ծննդատան տնօրեն Ռազմիկ Աբրահամյանը հայտնեց,  որ ինքն ու աշխատակիցները համոզել են կնոջն այդ քայլին չդիմել: «Գնացինք, տեսանք՝ պատուհանին կանգնած է: Պնդում էր, որ ուզում է երեխայի հետ գնալ: Բացատրեցինք, որ այդպես չէ»,- ասաց բժիշկը և հավելեց, որ կինը ծանր հիվանդությամբ է տառապում:

«Վիրահատել ենք նրան, նա ուզում էր նորածնի հետ տուն գնալ, մենք ասացինք, որ դեռ շուտ է՝ խնդիրներ կան, նա պնդեց, հետո պարզվեց, ինչ-որ տաօրինակ բաներ ունի»,- պատմեց ծննդատան տնօրենը:

Նրա խոսքով՝ հիվանդի հետ զրուցել են հիվանդանոցի գլխավոր հոգեբանն ու հոգեբույժը: «Հետը խոսեն, տեսենք, եթե ցանկանում է այդ վիճակում գնալ, թող գնա, եթե ոչ՝ կմնա»,- ասաց Ռազմիկ Աբրահամյանը: