կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-05-04 13:42
Իրավական

Ժիրայր Սեֆիլյանն ու Հիմնադիր խորհրդարանի մյուս անդամներն ազատ արձակվեցին

Ժիրայր Սեֆիլյանն ու Հիմնադիր խորհրդարանի մյուս անդամներն ազատ արձակվեցին

Քիչ առաջ «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկից ազատ արձակվեցին Հիմնադիր խորհրդարանի անդամներ Ժիրայր Սէֆիլյանը, Վարուժան Ավետիսյանը եւ Պավլիկ Մանուկյանը, իսկ «Նուբարաշեն» ՔԿՀ-ից՝ Հիմնադիր խորհրդարանի ղեկավար Գարեգին Չուգասզյանն ու Գևորգ Սաֆարյանը:

 

Հիշեցնենք, որ գործով վերահսկող դատախազն այսօր փոխել էր նրանց նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքը չհեռանալու մասին ստորագրությամբ: Այս կապակցությամբ ՀՀ գլխավոր դատախազությունն այսօր հաղորդագրություն էր տարածել, որում, մասնավորապես, ասվում է. «Քրեական գործի նյութերի ստուգմամբ պարզվել է, որ Ժիրայր Սեֆիլյանը, Վարուժան Ավետիսյանը, Գևորգ Սաֆարյանը, Գարեգին Չուգասզյանը ու Պավել Մանուկյանը, 2014 թվականի մայիսից, ձեռնարկելով զանգվածային անկարգություններ կազմակերպելու նախապատրաստական գործողություններ, ծրագրել էին դրանք իրականացնել 2015 թվականի ապրիլի 24-ին, սակայն այդ գործողությունները կանխվել են իրավապահ մարմինների աշխատակիցների կողմից: Ստուգման արդյունքում գործով հսկողություն իրականացնող դատախազը, ղեկավարվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 53-րդ, 142-րդ, 151-րդ հոդվածներով, որոշում է կայացրել գործով մեղադրյալներ Ժիրայր Սեֆիլյանի, Վարուժան Ավետիսյանի, Գևորգ Սաֆարյանի, Գարեգին Չուգասզյանի ու Պավել Մանուկյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանավորումը փոփոխելու և որպես խափանման միջոց ստորագրություն չհեռանալու մասին ընտրելու վերաբերյալ:

 

Որոշումը կայացվել է` նկատի առնելով, որ արդեն անցել է Հայոց Մեծ Եղեռնի զոհերի հիշատակման օրը և վերոնշյալ անձինք չեն կարողացել ավարտին հասցնել հանցագործությունը, նախաքննության ընթացքում արդեն կատարվել են անհետաձգելի անհրաժեշտ քննչական գործողությունները, ու վերջիններս, ազատության մեջ մնալով, չեն կարող խոչընդոտել մինչդատական վարույթում գործի քննությանը, ուստի նախաքննության տվյալ փուլում վերացել է մեղադրյալներին կալանքի տակ պահելու անհրաժեշտությունը»: