կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-02-13 15:00
Հասարակություն

Արմեն Մուրադյանն ընդունեց Հայաստանում ՌԴ առևտրային ներկայացուցիչ Անդրեյ Բաբկոյին

Արմեն Մուրադյանն ընդունեց Հայաստանում ՌԴ առևտրային ներկայացուցիչ Անդրեյ Բաբկոյին

ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն ընդունեց Հայաստանում Ռուսաստանի Դաշնության առևտրային ներկայացուցիչ Անդրեյ Բաբկոյին:

 

Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց Ռուսաստանի Դաշնության առևտրային ներկայացուցչության, ինչպես նաև BRICS երկրների հետ (Բրազիլիա, Ռուսաստան, Հնդկաստան, Չինաստան, Հարավային Աֆրիկայի Հանրապետություն) առողջապահության բնագավառում առկա և հնարավոր համագործակցությանը:

 

Արմեն Մուրադյանը բարձր գնահատեց հայ-ռուսական երկարամյա համագործակցությունն առողջապահական ոլորտում, ինչի  վկայությունն է նաև 2014 թվականին Հայ-ռուսական առողջապահական առաջին համաժողովին մասնակցելու նպատակով ՌԴ առողջապահության նախարար Վերոնիկա Սկվորցովայի գլխավորած պատվիրակության ժամանումը Հայաստան: Նախարարը պատահական չհամարեց, որ Վերոնիկա Սկվորցովան բազմիցս նշել է Ռուսաստանում երկար տարիներ բնակվող և առողջապահության համակարգի տարբեր ոլորտների զարգացմանը նպաստող անվանի բժիշկների տեղի և դերի կարևորությունը:  

 

«Մենք մշտապես պատրաստ ենք նոր ծրագրեր կյանքի կոչելու ռուս գործընկերների հետ` ընդլայնելով համագործակցությունը»,- ասաց Արմեն Մուրադյանը:

 

Որպես  Ռուսաստանի հետ համագործակցության  լավագույն օրինակ` նա մատնանշեց համատեղ իրականացվող  ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարի ծրագիրը, որի շրջանակում ռուսական կողմը Հայաստանին տրամադրել է լաբորատոր և ախտորոշիչ սարքավորումներ, ինչպես նաև շարժական բժշկաախտորոշիչ համալիր`  մոբիլ կլինիկա:

 

«Նման  մոբիլ կլինիկաները նպաստում են հատկապես հեռավոր մարզերում, բարձրլեռնային գոտիներում, բնակչության անհրաժեշտ բժշկական օգնության ապահովմանը»,- ընդգծեց  առողջապահության նախարարը:

 

Նրա գնահատմամբ`  BRICS երկրների աջակցությամբ ՀՀ լաբորատոր-ախտորոշիչ ծառայությունների արդիականացման խնդիրը լուծելը կարևոր ծրագրային մոտեցում է առողջապահության բնագավառի համար:

 

Արմեն Մուրադյանը  Հայաստանում Ռուսաստանի Դաշնության առևտրային ներկայացուցչության հետ համագործակցության ընդլայնում է տեսնում նաև շտապ բուժօգնության ծառայության զագացման և արդիականացման,  դեղագործության  բնագավառում համատեղ կլինիկական հետազոտություններ իրականացնելու, տեղեկատվության միասնական էլեկտրոնային  համակարգի ուղղություններում: Որպես հեռահար նպատակ նախարարն առաջարկեց  ռուս-սլավոնական համատեղ բժշկական կենտրոնի հիմնումը, որը հնարավորություն կտա երկու երկրի մասնագետներին ներդնել առողջապահական ոլորտի լավագույն փորձն ու նորագույն տեխնոլոգիաները:

 

Հայաստանում Ռուսաստանի Դաշնության առևտրային ներկայացուցիչ Անդրեյ Բաբկոն ներկայացրեց  BRICS երկրների հետ առողջապահության բնագավառում հնարավոր համագործակցությունը:  

 

Նշենք, որ BRICS երկրներից ՀՀ առողջապահության նախարարությունն առավել ակտիվ համագործակցում է Ռուսաստանի, Չինաստանի և Հնդկաստանի հետ: Այս երկրների հետ կան ստորագրված առողջապահության և բժշկագիտության բնագավառներում համագործակցության մասին միջգերատեսչական համաձայնագրեր, փոխըմբռնման հուշագրեր, գործողության պլաններ, որոնք իրավական հիմք են ստեղծել փոխշահավետ գործակցության համար:

 

Ամփոփելով հանդպումը` նշվեց, որ ծրագրերը և առաջարկները կդիտարկվեն  և կընդգրկվեն BRICS երկրների հետ համագործակցության ծրագրային առաջարկների փաթեթում: