կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-10-15 13:54
Տարածաշրջան

ԼՂ պատերազմից հետո 4000-ից ավելի անհայտ կորած կա. ԿԽՄԿ

ԼՂ պատերազմից հետո 4000-ից ավելի անհայտ կորած կա. ԿԽՄԿ

Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետևանքով այսօր պաշտոնապես կա  4000-ից ավելի անհայտ կորած, մոտ 800-ը ունեն ՀՀ-ի և ԼՂՀ-ի գրանցում: Այս մասին այսօր լրագրողներին հայտնեց Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Հայաստանի պատվիրակության հաղորդակցման ծրագրի ղեկավար Զառա Ամատունին:

 

Նա նշեց, որ այդ մարդկանց  ընտանիքների, հարազատների իմանալու իրավունքը ոտնահարված է, նրանցից շատերը  տարիներ շարունակ ապրում են անորոշության մեջ` առանց իմանալու, թե որտեղ է իրենց բարեկամը: Այս ընտանիքների հետ տարվում են սոցիալ-հոգեբանական աշխատանքներ, նաև օգնություն է տրամադրվում առողջության վերականգնման հարցերում: Մշակվել է ծրագիր, որի շրջանակներում անտոկոս վարկեր կարող են վերցրել: Մեկ ընտանիքի տուն է վերանորոգվել: Անհայտ կորած անձի հարազատներից մեկը նույնիսկ փոքրիկ ջերմոց է սկսել աշխատեցնել:

 

Ներկայումս սկսել են ԴՆԹ տվյալների բազա ստեղծել, որպեսզի հետագայում, երբ գտնվի անհայտ կորածը կամ նրա դին, հնարավոր լինի նույնականացնել անձին և կապ հաստատել հարազատների հետ:

 

Ինչ վերաբերում է ռազմագերիներին, ապա Ամատունին հայտնեց, որ պաշտոնապես Ադրբեջանի տարածքում ներկայումս հայ ռազմագերի չկա, կա միայն 5 հոգանոց հայ ընտանիք:

 

Նա նշեց նաև, որ ԿԽՄԿ-ն գործում է Ժնևյան կոնվենցիայի սահմաններում, արվում է  ամեն ինչ, որպեսզի գերության մեջ գտնվող անձը կապ ունենա ընտանիքի հետ, վերահսկվում են նրա գտնվելու և պահվելու պայմանները և այլն:

 

Լրագրողների դիտարկմանը, թե գերի ընկածները հայրենադարձվելուց հետո առողջական խնդիրներ են ունենում, հայտնում են նաև իրենց հանդեպ բռնությունների մասին, Զ. Ամատունին հստակ պատասխան չտվեց,` հայտնելով, որ ամեն ինչ ուղիղ կերպով տեսնել և պատկերացնել հնարավոր չէ: Բազմաթիվ բանակցություններ են լինում, որոնք գլխավորապես գաղտնի են, և չեն կարող ամեն ինչ հրապարակել: