Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Կառավարությունն իր ծրագրով խոստանում է առևտրի, ծառայությունների և առևտրային հարաբերությունների կարգավորման և կանոնակարգման պարզեցում՝ էականորեն կրճատելով ոլորտի զարգացման վարչարարական խոչընդոտները: Առևտրի և ծառայությունների ոլորտի զարգացման քաղաքականությունը, նշված է կառավարության ծրագրում, նպատակադրելու է առևտրի առավել մատչելի ու որակյալ և հանրության բոլոր շերտերի համար հասանելի ծառայությունների դաշտի ընդլայնում:
Ավելի կոնկրետ' կառավարության ծրագիրը նախատեսում է աջակցություն առևտրի նոր տեսակների, հատկապես` էլեկտրոնային առևտրի զարգացման համար պարզեցված և հասանելի համակարգի ընդլայնմանը: Թե ինչպես, չի նշվում, համենայն դեպս, դատելով առաջարկներից, ըստ որոնց` էլեկտրոնային առևտրի համակարգերով գնված ու ներմուծված ապրանքների համար մաքսազերծվելու ենթակա արժեքային շեմը պետք է իջեցվի, այս նպատակադրումը դառնում է անմեկնաբանելի:
Ինչևիցե, առևտրի իրականացման վայրերի և առևտրի օբյեկտների տարածքային օպտիմալ տեղաբաշխման նոր և համակարգված մոտեցումների ձևավորում էլ է նշում կառավարությունը՝ հավելելով, որ դա կարվի' համադրելով այն տարածքային ու համայնքային զարգացման պահանջների, փոքր ու միջին ձեռնարկությունների պահպանման ու ընդլայնման հրամայականի հետ:
Կառավարությունը պատրաստվում է խթանել ու խրախուսել նաև առևտրի, ծառայությունների և հանրային սննդի կազմակերպման ու մատուցման առավել քաղաքակիրթ և որակյալ մակարդակը: Թե ինչ է դա իրենից ենթադրում, մնում է միայն գուշակել' սեփական երեւակայության ու պատկերացումների համապատասխան, քանի որ ավելի կոնկրետ բան կառավարության ծրագիրը չի մատնանշում: