կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-03-27 15:09
Հասարակություն

Ո՞րն է ավելի թանկ՝ Արամի հավանական հաղթանա՞կը, թե՞ նրա անկեղծ-բնական հակազդեցությունը տրանսվեստիտին

Ո՞րն է ավելի թանկ՝ Արամի հավանական հաղթանա՞կը, թե՞ նրա անկեղծ-բնական հակազդեցությունը տրանսվեստիտին

Օրեր առաջ «Եվրատեսիլ-2014»-ում ելույթ ունեցող ավստրիացի տրանսվեստիտ Թոմաս Նոյվիրտի՝ սեռափոխակերպուկ Կոնչիտա Վուրթսի հետ նույն բեմում երգելու անհարմարության մասին` մեր կայքի լրագրողի հարցին Հայաստանի ներկայացուցիչ Արամ MP3-ն պատասխանել էր, որ իր համար «ծանր է նրա հետ լինել մեկ բեմում»:

 

Բանական ու նորմալ տղամարդու այս պատասխանը, պարզվում է, դուր չի եկել Եվրոպայի քիմքին, այնտեղ ծանր են տարել այդ խոսքը: Հավաստելու համար, որ Եվրոպան իսկապես նեղացած է Արամից, կայքերից մեկում հայտնվել է եվրոպական թերթերից մի լուսանկար, որում պատկերված են մեր մասնակիցը և նրա քննադատության թիրախը, նաև նրա և հակատրանսվեստիտական հայտարարության մասին նյութը:

 

Ասում են նաեւ, որ Արամի պատասխանից հետո Եվրոպայում նրա վարկանիշն ընկել է, և առաջվա համեմատ նվազ թվով մարդիկ են համացանցում դիտում մեր մասնակցի տեսահոլովակը:

 

Այսպիսով` համասեռամոլության ու մյուս մոլությունների «իրավունքների» պաշտպան Եվրոպան պատժում է հայ երիտասարդին, որ նա համարձակվել է ոչ միայն իր արվեստին ու երկրին, այլ նաև իր սեռին հավատարիմ մնալ, այնպես, ինչպես նրան կողմնորոշել է Տեր Աստվածը:

 

Նախ` այն մասին, որ Արամի տեսահոլովակի նվազող դիտումներն իբրև թե ուղղակի կապ ունեն նրա արձագանքի հետ: Բանն այն է, որ մենք միանգամայն հակառակ կարծիքին ենք: Համասեռամոլների և նրանց իրավունքների պաշտպանության ջատագով ու դրանց համատարած ներկայությանը սովոր Եվրոպայի համար մեր Արամի տղամարդավայել պատասխանը կարող էր ոչ թե նվազեցնել, այլ, ընդհակառակը, լրացուցիչ հետաքրքրություն առաջացնել նրա նկատմամբ: Սա՝ մեկ:

 

Երկրորդ՝ ո՞րն է ավելի նախընտրելի` Արամը, «դիվանագիտորեն» պատասխանելով, հաճույքի իմիտացիա՞ աներ Կոնչիտայի հետ նույն բեմում հայտնվելու համար՝ դրանով ապահովելով իր տեսահոլովակի մեծաքանակ դիտումը, թե՞, այնուամենայնիվ, մնար սովորական հայ տղա՝ սեռականության վերաբերյալ իր բնական պատկերացումներով, բայց փոխարենը տուժեր տեսահոլովակը` դիտումների առումով: Ինչպես երևում է ծավալվող քննարկումներից, Արամի պատասխանը միայն առաջադեմ Եվրոպային չէ, որ հուզել է, որոշակիորեն ծանր են տանում նաև մերոնք:

 

Դրանք սոցցանցերի որոշ օգտատերեր են, որոնք Արամին փորձում են դասեր տալ ու երբեմն նախատել: Եղբայրնե'ր ու քույրե'ր, ձեզ շատ մի կոտորեք Արամին դասեր տալու համար, որովհետև ձեզնից շատերը թերևս այդպես էլ չեն հասկացել, թե որն է ավելի թանկ՝ Արամի եվրատեսիլյան հավանական հաղթանա՞կը, թե՞ նրա անկեղծ-բնական հակազդեցությունն այնպիսի երևույթի, ինչպիսին տրանսվեստիտն է: Առավել ևս՝ համաեվրոպական հարթակին:

 

Բ. Գասպարյան