Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Շատերդ նկատած կլինեք Հայաստանում «կամավորական աշխատանքներ» իրականացնող արտասահմանցիների: Առաջին հայացքից միամիտ, բարի թվացող մարդիկ, որոնք նաև շատ պատրաստված սպորտային կազմվածք ունեն ու ավելի շուտ զինվորական են հիշեցնում, քան ուղղակի պարապ մնացած հումանիստներ»,- սա հատված է վերջերս «Իմ աչքի առաջ մեր ազգը վարի են տալիս» նյութից:
Հեղինակը արտասահմանցի կամավորականներին ներկայացնում է որպես գաղտնի գործակալներ, որոնք, ընտանիքներում ապրելով, ուսումնասիրում են հայ մարդու նիստուկացը, իսկ հետո արդեն նրանց ֆինանսավորող պետություններն ու կազմակերպություններն են անցնում ազգի հիմքերը խարխլելու գործին:
«Ուրեմն` բավականին ագրեսիվ տակտիկա են սկսել բանեցնել: Արդեն անցել են դպրոց-ճամբարների` աղջիկների լիդերության դպրոց, տղաների լիդերության դպրոց և այլն»,- հեղինակը, մասնավորապես, նշում է, որ այս դասընթացների ժամանակ «սեռական դաստիարակություն» առարկա են ուսումնասիրում, որի անվան տակ, սակայն, 12-16 տարեկան պատանիներին սեռական պրովոկացիայի են ենթարկում` «…փաստացի փչացնում են երեխեքին` սովորեցնելով, որ տարբեր զուգընկերներ ունենալու դեպքում պետք է օգտվել պահպանակից ՝ դրանով ուղղակիորեն խրախուսելով պռնկությունը՝ տարբեր սեռական զուգընկերներ ունենալը»:
Այս տեսակետը բուռն դժգոհություն է առաջացրել նման ճամբարների մասնակիցների, ինչպեսև կամավորականների հետ աշխատող կազմակերպությունների անդամների շրջանում:
«Ինչպե՞ս կարելի է այն մարդուն, ով առանց գումարի իր ժամանակն ու հմտությունները տրամադրում է որևէ գործի, անվանել շպիոն: Նման հոդվածները ունեն հստակ նպատակ` մարդկանց մեջ վտանգի զգացում առաջացնելու ու իրենց ուշադրությունը կարևոր հարցերից շեղելու»,- Yerkir.am-ի հետ զրույցում ասաց «Հայ Առաջադեմ Երիտասարդություն» ՀԿ-ի փոխնախագահ Գրիգոր Երիցյանը:
Ի դեպ, այս «Հայ Առաջադեմ Երիտասարդություն»-ը կամավորությունը և ոչ ֆորմալ կրթությունը երիտասարդների շրջանում խթանող առաջատար կազմակերպություններից է ՀՀ-ում: Բացի այն, որ հյուրընկալում են կամավորականներ` 6-12 ամսով, այլև եվրոպական երկրներ են ուղարկում հայ կամավորների` երկարաժամկետ կամավորական ծառայություն անցնելու:
Իսկ թե արդյո՞ք եվրոպացի կամավորականներն այստեղ սեռական դաստիարակությամբ են զբաղվում, Գ. Երիցյանը պատասխանեց. «Ես չեմ ճանաչում կամավորների, ովքեր Հայաստանում ներգրավված են նշված ոլորտներում: Իմ իմացած կամավորական ծրագրերը հիմնականում վերաբերում են բնապահպանությանը, մշակույթին և միջմշակութային հաղորդակցությանը, հաշմանդամություն ունեցող երեխաների հետ աշխատանքին, գյուղական համայնքների զարգացմանը, ոչ ֆորմալ կրթությանը»:
Yerkir.am-ը զրուցեց նաև աղջիկների լիդերության դպրոցի մասնակից` 17-ամյա Անուշ Պետրոսյանի հետ, ով ներկայումս FLEX ծրագրով սովորում է ԱՄՆ-ում` ավագ դպրոցում: Նա նշեց, որ երկու տարի մասնակցել է Girls Leading Our World (GLOW) ծրագրին, որի ընթացքում, իսկապես, անդրադարձ լինում է սեռական դաստիարակությանը:
«Քննարկում է լինում նաև սեռադաստիարակության մասին, որն անցկացնում են հայ դասախոսներ, որոնք դասավանդում են համալսարաններում: Քննարկման ընթացքում շատ աղջիկների հնչեցրած հարցրերից այն եզրակացությանն եմ եկել, որ այս թեման, իրոք, շատ կարևոր է քննարկել նրանց հետ, քանի որ շատերն անգամ տարրական գիտելիքներ չունեն այդ մասին: Դասախոսը դասավանդում է Երևանի բժշկական համալսարանում, և քննարկման ժամանակ նրան որևէ ամերիկացի չի աջակցել: Ծրագրի մշակողները հայեր են, և ամերիկացի կամավորները հանդիսանում են որպես օգնականներ»,- ասաց Ա. Պետրոսյանը:
Ի դեպ, թեև քննարկումների առարկա դարձած նյութում որևէ կոնկրետ ծրագրի անուն չի նշվում, սակայն կցված էր GLOW-ի դասընթացներից մի լուսանկար, որն էլ հատկապես բողոքի ալիք էր բարձրացրել:. «Գրեթե վստահ եմ, որ իր հոդվածը մեր ճամբարի մասին չէ, և նա արդեն հեռացրել է մեր ծրագրի նկարը»,- ասաց Անուշ Պետրոսյանը:
Թեև չի բացառվում, որ կամավորականների անվան տակ ընտանիքներ և, առհասարակ, հասարակություն մուտք կարող են ունենալ իսկապես գաղտնի գործակալաներ, սակայն պնդել, թե կամավորականները գործակալներ են կամ չեն, ճիշտ չենք համարում, քանի դեռ փաստեր չունենք: