կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-09-07 12:10
Քաղաքական

Համակերպների ''առաջնորդությունը''

Համակերպների ''առաջնորդությունը''

ՀՀ նախագահը, Մոսկվայից վերադառնալով, սկսել է աննախադեպ ակտիվություն ցուցաբերել ներքաղաքական կյանքում. հանդիպումները, ընդ որում` տարաբնույթ, հաջորդում են մեկմեկու, և, զարմանալի բան, նախագահի այցերն ու խորհրդակցությունները գրեթե նույն ակտիվությամբ և օպերատիվորեն լուսաբանում է նրա մամլո ծառայությունը. տպավորություն կա, որ փորձ է արվում կեղծ ակտիվության ֆոնին հանրությանը մոռանալ տալ մոսկովյան տհաճ հուշերը:

 

Այլ աշխատանքային գործերի թվում նախագահը չի մոռացել նաև սեփական կուսակցության ավանդական հինգշաբթին, երբ ՀՀԿ կենտրոնական գրասենյակում հավաքվում է կուսակցական մեծավորների վերնախավը` Գործադիր մարմինը: Անցած հինգշաբթի նույնպես հավաքվել էին  «գործադրավորները»` քննարկելու առաջնորդի Մոսկվա կատարած այցի «արդյունքներն» ու «մանրամասները»: Դժվար է ասել, թե «մանրամասների» մեջ մտնելը որքանով է հաճո և հարմար եղել ՀՀԿ առաջնորդին, կամ նա արդյո՞ք մտել է մանրամասների մեջ, սակայն փաստ է, որ ինտելեկտուալների այս «աստղաբույլը» մեկ մարդու պես հավան է եղել նախագահի` Մոսկվայում հնչեցրած հայտարարություններին: Համակերպների այդ խումբը (այնտեղ հաշվվում է 19 հոգի. կենտ թվով են, որ հարկ եղած դեպքում կարողանան «ժողովրդավարական» որոշումներ կայացնել), որոնցից առնվազն հինգ-վեցը սեպտեմբերի 3-ի նախօրեին երանելի եվրաժպիտով ճամարտակում էր եվրոարժեքներից ու Եվրոպային ինտեգրվելու ճանապարհի ընտրության անդառնալիությունից, ինչպես նաև այդ ճանապարհին Հայաստանի արձանագրած նվաճումներից ու բացվող զգլխիչ հեռանկարներից, իսկ սեպտեմբերի 5-ի երեկոյան հանկարծ մի այլ «ձևի» էր իմաստնացել և լուռ հավանություն էր տալիս առաջնորդին ու նրա «իմաստուն» որոշմանը: Զավեշտի է նման, բայց այդ 19 կուսակցապետերն «առաջնորդում են» ոչ միայն հսկայական մի կուսակցություն, այլև մի ամբողջ ժողովրդի, որ «վստահել» է նրանց: Ամենաաններելին ու ցավալին, սակայն, այն է, որ հասարակությունը հայտնվել է մի իրավիճակում, երբ շարունակում է ինքն էլ համակերպվել խղճուկ այդ համակերպների «առաջնորդությանը»:

 

Լևոն ՍԱՐԳՍՅԱՆ