Միասին կարող ենք
կարևոր
0 դիտում, 12 տարի առաջ - 2013-06-06 20:17
Իրավական

Գորիսյան ''կինոսեանս''

Գորիսյան ''կինոսեանս''

Երեկ, գրեթե միաժամանակ, տեղի էին ունենում երկու իրադարձություններ, որոնք քիչ է ասել, թե փոխբացառում էին միմյանց. դրանք պարզորոշ ու հստակ վկայում էին նաեւ այն ամբողջ ոչ պրոֆեսիոնալիզմի, մասնագիտական անհամարժեքության եւ, ինչու ոչ, շահամիտման մասին, որ տասնամյակներ շարունակ բույն են դրել մեր արդարադատության համակարգում:

 

Մի քանի լրատվամիջոցի ճեպազրույցի հրավիրած զինդատախազ Գեւորգ Կոստանյանը մինչ հանրությանը համոզում էր, թե Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տան մոտ տեղի ունեցած ողբերգական միջադեպի բոլոր մեղավորները կհայտնաբերվեն եւ արժանի պատիժներ կստանան, իսկ դրա համար անհրաժեշտ է, որ նախաքննությունն ընթանա օրենքի տառին ու ոգուն համապատասխան, մասնավորապես կարեւոր համարելով դեպքը տեսանկարահանած եւ զինդատախազության տրամադրության տակ եղած տեսանյութի նախաքննական գաղտնիությունը, նույն այդ ժամանակ «գաղտնի» հռչակված տեսանյութի բովանդակությունը մանրակրկիտորեն հանրությանն էր ներկայացնում Սյունիքի մարզպետարանըՙ նպատակ ունենալով ապահովել իր «ղեկավարի» ոչ միայն ալիբին, այլեւ ամրապնդելու նրա տան վրա կատարված զինված հարձակման վարկածը:

 

Բայց քանի որ տեսանյութն այլեւս գաղտնազերծված է, զինդատախազ Գեւորգ Կոստանյանից հանրությունն այսօր էլ սպասում է տեղեկատվություն-մեկնաբանություն առ այն, թե ինչպե՛ս է պատահել, որ ոստիկանության կողմից առգրավված տեսանյութի գաղտնիությունը չի ապահովվել այն չափով, որ վերջինս չընկներ պատահական մարդկանց ձեռքը, ավելինՙ այդ մարդիկ, թեկուզ եւ «մարզպետարանի ներկայացուցիչներ» (ի՛նչ զարմանալի է սյունիքյան իրավաբանությունը), ինչու՛ եւ ինչպե՛ս էին արտոնություն ստացել «մարզպետի գորիսյան բնակարանում» դիտել տեսանյութը, գրառել այնտեղ արձանագրված դեպքերն ու ժամանակը:

 

ՊՆ զինվորական դատախազությունն արդյո՞ք չի կարծում, որ տեղի ունեցածը ոչ միայն հայրենի ոստիկանության աններելի թերացումն է, այլեւ Սյունիքի մարզպետարանի «ներկայացուցիչների» յուրօրինակ շանտաժըՙ ուղղված արդեն արդարադատություն իրականացնող մարմիններին, թեՙ տեսեք, մենք գիտենք տեսանյութի բովանդակությունը, վայրկյանների ճշտությամբ կատարել ենք դրա բառային նկարագիրը, հետեւաբարՙ չփորձեք ինչ-ինչ աղավաղումներ թույլ տալ:

 

Եվ ահա իրավաբանական այս զավեշտի ֆոնին հնչում է ՀՀ գլխավոր դատախազության արձագանքը. գլխավոր դատախազի մամուլի խոսնակ Սոնա Տռուզյանն «անթույլատրելի» է որակում դեռեւս փորձաքննության փուլում գտնվող տեսանյութի բովանդակության հրապարակումը:

 

Մինչդեռ բարոյական գնահատականներ տալուց առաջ անհրաժեշտ է, որ ՀՀ գլխավոր դատախազությունը գտնի եւ պատժի հանրային մեծ արձագանք գտած այս ողբերգության համար հույժ կարեւոր նշանակություն ունեցող տեսանյութը պատշաճ ժամանակին չառգրավելու, դրա գաղտնիությունը չապահովելու, մարզպետի բնակարանում վերջինիս չքմեղացնող «կինոսեանս» կազմակերպելու  բոլոր մեղավորներին:

 

Լեւոն Սարգսյան