Փոխարժեքներ
23 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Բազմած լուսնի նուրբ շողերին, հովի թևին թռչելով,
Փերիները սարի գլխին հավաքվեցին գիշերով…
Հովհաննես Թումանյան
Հիմա էլ հանդիպման վայրը Կոնգրեսի սրտովը չէ։ Չեզոք վայրում կուզեին հանդիպել։ Միանգամից մենյուն էլ ասեք, տղերք ջան։ Սեղանին ի՞նչ դնեն, ի՞նչ կխմեք… Կարո՞ղ են Կոնգրեսից մեզ հուշել, թե իրենք ի՞նչ չեզոք վայրեր գիտեն Հայաստանում։ Մեղա Տեր… Մայր տաճարն, օրինակ, հարմա՞ր է Կոնգրեսին, Իսկ Էջմիածին չհասած` ԱՄՆ դեսպանատան նիստերի փոքր ֆահլի՞ճը… Բա ի~նչ փառահեղ հանդիպում կստացվեր Աբդուլլահ Գյուլի պալատում։ Նրա կինը համով բաներ կպատրաստեր, մավրերն էլ, ճերմակ վերնաշապիկներով, կմատուցեին… Թե չէ` Էրեբունի հյուրանոց, էն էլ` վեցերորդ հարկ։ Ի դեպ, հենց այդ նույն հարկում է գտնվում Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը:
Բարեկամներիցս մեկը, որպես Երևանում ապրողի, ինձ հարցրել էր` տեսնես Հ1-ով ուղիղ եթեր կլինի՞… Ճիշտն ասած` դժվարացա պատասխանել, բայց մտածեցի` իսկ ինչո՞ւ ոչ։ Նման բան ազգի պատմության մեջ դեռ չի եղել, ի՞նչ կլինի, որ Հ1-ը, հատուկ հաղորդման ռեժիմով ուղիղ հեռարձակում կազմակերպի։ Փողը մենք չե՞նք տալիս։ Մեր փողով մեզ համար ուղիղ հեռարձակում` ի՞նչ կա դրա մեջ։
Հայ ազգային կոնգրեսը, սակայն, իր պատասխան հայտարարության կետերից մեկով, կոնկրետ` երրորդ կետով, վտանգի տակ է դրել դարակազմիկ այս իրադարձության ուղիղ հեռարձակման հեռանկարը։ Գրել են` Հովիկ Աբրահամյանի հայտարարությունից միանշանակ բխում է, որ կոալիցիոն կուսակցություններն իրենք, սեփական նախաձեռնությամբ են ցանկանում մեզ հետ քաղաքական քննարկումներ սկսել, քանի որ մենք կոալիցիոն կուսակցությունների հետ երկխոսության առաջարկ չենք արել։ Երևի ուզում են ասել, որ էս շոգ կրակին կոալիցիոն կուսակցությունները ինքնաբուխ են որոշել ՀԱԿ-ի հետ երկխոսության նստել։ Կրակ են սրանք։ Բա հիմա որ ԲՀԿ-ն իր ներկայացուցիչներին հետ կանչի այդ աշխատանքային խմբից սխա՞լ կանի։ Էդ ե՞րբ է ԲՀԿ-ն Գագիկ Ծառուկյանի որոշումներից անկախ այլ ինքնաբուխ որոշումներ կայացրել։ Եվ կամ` ի՞նչ է նշանակում, թե ՀՀԿ-ն առանց Սերժ Սարգսյանին տեղյակ պահելու ինքնաբուխ ցանկություն է հայտնել Կոնգրեսի հետ բանակցել, էն էլ` արտահերթ ընտրությունների հարցի շուրջ։ Այլ բան, որ հատուկ տողով նշվեր ՕԵԿ-ի ինքնաբուխ ցանկությունը։ Սրանց մոտ դա լավ է ստացվում։ Ժամանակին, երբ դեռ Սերժ Սարգսյանը մի կարգին չէր ընտրվել, Արթուր Բաղդասարյանն ինքնաբուխ հայտարարեց, որ 2013 թվականին պաշտպանելու է Սերժ Սարգսյանի թեկնածությունը։ Թե այդ հայտարարությունը ինչ հետևանքներ ունեցավ, բոլորին է հայտնի։ Այսօր էլ ՕԵԿ-ը, ըստ Կոնգրեսի, չի վարանել ինքնաբուխ միանալ բանակցելու նպատակով ստեղծված աշխատանքային խմբին։ Միանգամայն հասկանալի նախադասություն։
Ի՞նչ է հետևում վերոհիշատակյալ երրորդ կետից ։ Որպեսզի դա հասկանանք, պետք է ուշադիր կարդանք Կոնգրեսի սրտաճմլիկ հայտարարության 5-րդ կետը, որից բխում է, որ սույն փաստաթղթի 3-րդ կետը բացարձակապես սխալ է: Ոչ թե կոալիցիոն կուսակցություններն են ինքնաբուխ նետվել բանակցությունների թոհուբոհի մեջ, այլ նրանց այդ քայլին են դրդել ՀՀ իշխանությունները, որոնք դիմել են մանր խորամանկության` ձգտելով ժամանակ շահել։ Այստեղ մի փոքր շունչ քաշենք։ Կխնդրեի ուշադրություն դարձնել մանր ածականի վրա, որը, Խորենացու ժամանակներից սկսած, խորամանկություն գոյականի հետ գրեթե չի գործածվել։ Մեր կարծիքով` այս տեքստի վրա լրջորեն տքնել է ՀԱԿ վերնախավը` Հրանտ Բագրատյանի հետ միասին։ Բանն այն է, որ նախօրեին իշխանական ֆրոնտի թերթերից մեկը Կոնգրեսին մեղադրել էր մանր ժուլիկության մեջ, որովհետև Հրանտ Բագրատյանի նկատմամբ դատարանի կայացրած մի շատ հետաքրքիր որոշում` այն ժամանակվա ԿԲ նախագահ Տիգրան Սարգսյանին վճարելիք գումարների մասով, կարճվել էր վերջինիս նախաձեռնությամբ, մինչդեռ ՀԱԿ լրատվամիջոցները դա ներկայացրել էին, որպես ՀԱԿ ձեռքբերում։ Իր այս հայտարարությամբ, փաստորեն, Կոնգրեսը մանր խորամանկություն արտահայտությունով փորձել է չեզոքացնել մանր ժուլիկություն որակումը, բայց, խոստովանենք, դա էս ազիզ օրով անելու բան չէր։
Հա, ինչի՞ց էինք խոսում։ Կարծես խոսում էինք այն մասին, որ ՀԱԿ պատասխան հայտարարության կետերից մեկն առանց որևէ վերապահության ոչնչացնում է նույն հայտարարություն մեկ ուրիշ կետ։ Օրինակ` ութերորդ կետով չեզոքացվում է հայտարարության ամենահզոր` վեցերորդ կետը։ Լավ, հարգելի Կոնգրես, ո՞րն է վերջապես քո նպատակը, եթե մի կողմից պնդում ես, որ մինչև իշխանությունը չձևավորի քո սրտի ուզած պատվիրակությունը, դու չես համարի, որ երկխոսությունն սկսված է, իսկ մյուս կողմից, կարևորելով կոալիցիոն կուսակցությունների ինքնաբուխ ինքնաառաջադրումը, հայտարարում ես, թե գալիք հանրահավաքին մանրամասն խոսելու ես այդ հանդիպման մասին։ Հավանաբար ՀԱԿ-ին անհրաժեշտ է օգոստոսի 2-ի հանրահավաքին հետաքրքրասերների մեծ բանա՞կ հավաքել։ Մարդկանց իրոք կհետաքրքրի` տեսնես ինչի՞ մասին են իրար հետ խոսել Լևոն Զուրաբյանն ու արտահերթ ընտրությունները տնտեսագիտության օրենքներով մերժող Վարդան Բոստանջյանը… Եվ կամ` ինչպե՞ս է Դավիթ Շահնազարյանը դիմադրել Նաիրա Զոհրաբյանին, ումից Թուրքիայի արտգործնախարար Դավութօղլուն կարողացավ օձիգն ազատել միայն կին թիկնապահների օգնությամբ ։
Եվ վերջում` ավելի լուրջ։ Պարոնայք ինքնաբուխ երկխոսողներ և բանակցողներ, ե՞րբ վերջ կունենա ձեր թատրոնը։ Թատրոնը` բառիս ամենաիսկական իմաստով։ Եվ վերջապես ե՞րբ կդադարեք համատեղ ուժերով աղճատել ու այլանդակել ժողովրդի դիմագիծը` այսպիսի հնարքներով խաբելով մարդկանց, որոնց արդեն թվում է, թե իրենց ապագան որոշվում է ռեստորաններում ու հյուրանոցներում:
Էդիկ Անդրեասյան