Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Թուրքիայում իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը, որը ղեկավարում է վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ինչպեսեւ կանխատեսվում էր, հաղթանակ է տարել երեկ կայացած խորհրդարանական ընտրություններում: Ձայների 99 տոկոսի հաշվարկներով` ընտրողների 50 տոկոսը քվեարկել է այդ կուսակցության օգտին:
Այսպիսով` Էրդողանի կուսակցությունը նոր խորհրդարանում կունենա մոտ 330 մանդատ, ինչը հնարավորություն կտա ձեւավորել միակուսակցական կառավարություն, սակայն նոր սահմանադրության նախագիծ եւ դրա վերաբերյալ հանրաքվե, որոնց մասին բազմիցս խոսվել էր, խորհրդարանում միայնակ անցկացնել չի կարողանա. տեղեկացնում է «Նովոստի» գործակալությունը:
Ընտրություններին մասնակցել են 15 քաղաքական կուսակցություններ. խորհրդարան անցնելու համար նրանց անհրաժեշտ էր հաղթահարել 10 տոկոսի շեմը: 550 տեղանոց Ազգային մեծ ժողովում, բացի Էրդողանի կուսակցությունից, մանդատներ են ստանալու հիմնական ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական, աջ «Ազգայնական շարժում» կուսակցությունները, նաեւ քրդամետ «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» կուսակցության ավելի քան 20 ներկայացուցիչ, որոնք ընտրություններին մասնակցել են որպես անկախ թեկնածուներ եւ հետագայում խմբավորում կձեւավորեն:
Թուրքիայի նախագահը հանձնարարելու է ընտրություններում հաղթած կուսակցության առաջնորդին կառավարություն ձեւավորել, որը խորհրդարանում վստահության քվե պիտի ստանա` 279 ձայն: Ըստ թուրքական Սահմանադրության` կառավարությունը պետք է ձեւավորվի նախագահի հանձնարարականից հետո 45 օրվա ընթացքում: