կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-06-09 22:02
Առանց Կատեգորիա

Մկա վի՞ր խետ ես քելում…

Մկա վի՞ր խետ ես քելում…

Մի անգամ ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Արզաքանցյանը որոշում է  երեք միլիոն դրամ վաստակել` ներդնելով ընդամենը` 568 հազար դրամ: Հաշվարկ է անում, որ հա'մ իր 568 հազարը կվերադարձնի, հա'մ էլ երեք միլիոն չոր փող կաշխատի: Ավել փողն, ինչպես ասում են, աչքին չի վնասում:

 

Այս գործարքի շուրջ էր մտորում պատգամավոր Արզաքանցյանը, երբ աչքովն է ընկնում «Երկիր» օրաթերթի հրապարակումը, որով թերթը ցանկացել էր, բարի նպատակներով, Քյավառի տարածաշրջանի ընտրողներին տեղեկացնել, որ իրենց ընտրյալը, փառք Աստծո, ողջ եւ առողջ է, մանդատն էլ` գրպանում: Առիթն, ինչպես ասում են իր ոտքով էր եկել: Առանց երկար-բարակ մտածելու, գուցե նաև տուրք տալով կողքից բզողների ցանկություններին, վերցնում ու դատի է տալիս «Երկիր» օրաթերթին: Մնացած մանրամասներին, հարգելի ընթերցող, դուք արդեն ծանոթ եք, ինչի պատճառով էլ մենք կանգ կառնենք միայն Արզաքանցյանի փայլուն տնտեսագիտական հաշվարկի վրա միայն` հասկանալու համար բիրդան ձեռներերեցության ողջ պերճանքն ու թշվառությունը:

 

Եվ այսպես, «Երկիր» թերթից վիրավորված` պատգամավորն իր պատիվը, արժանապատվությունն ու գործարար համբավը վերականգնելու անվան տակ արդեն ծախսել էր (ճիշտ կլինի ասել` ներդրել էր) պահանջվող 568 հազար դրամը (500 հազար` փաստաբանական ծախսեր, 68 հազարը`պետտուրք) եւ սպասում էր հավելյալ երեք միլիոն շահելուն, երբ գործերը թարս գնացին: Նախ` ինչ ուներ-չուներ պրոցեսի հետ հրապարակ եկավ, իսկ ինչ արել-չեր արել եւս մեկ անգամ դարձավ քննարկման առարկա ու մի բան էլ պարզվեց, որ ինքն իրոք անկարգապահ պատգամավոր է:

 

Բայց հույսը միշտ վերջինն է մեռնում: Հանճարեղ խոսք է: Արզաքանցյանը հերոսաբար տարավ այս ամենը եւ ահա հասավ բաղձալի օրը, որ դատարանն իր վճռով պիտի հայտարարեր հաջող ձեռնարկի ավարտը: Հայտարարեց:

 

Երանի չհայտարարեր: Երեք միլիոն 568 հազարի փոխարեն դատարանը որոշեց հօգուտ Արզաքանցյանի «Երկիր» թերթին տուգանել 288 հազար դրամով, որի 200 հազարը դեռ կասկածելի է, քանի որ «Երկիրում» տրամադրություններ կան` նույնիսկ այդ գումարը վիճարկել հաջորդ ինստանցիայում: Ամեն դեպքում: Ենթադրենք, որ «Երկիրն» այդ գումարը փոխանցում է «հաջողակե ձեռներեցի»: Ի՞նչ է ստացվում: Մարդը ծախսել է (ներդրել է) 568 հազար եւ ահա, խնդրեմ, հետ է բերում ընդամնեը 288 հազարը: Վնասը կազմում է ուղիղ 280 հազար դրամ: Այսքանից հետո, ասացեք, խնդրեմ, էլ ի՞նչ երեսով երևա համագյուղացիների աչքին: Բայց դա դեռ հարցի մի կողմն է: Մյուս կողմից էլ մտահոգիչ է` կազինո հաճախելիս Արզաքանցյանը մի՞շտ է այսպես ոտքի վրա հաշվարկներ անում: Եթե այո, ապա միանգամայն հասկանալի է, թե ինչու են գյուղացիները մինչև օրս սպասում նրան հանձնած բերքի փողերին:

 

Ինչ էլ լինի` պետք չէ հուսահատվել: Թարսություն ասվածն էլ մարդու համար է: Բայց լավ է, որ թարսության պահին գոնե «Երկիրն» է կողքիդ եւ ոչ թե կազինոյի համբալը: Երկիրը խոսքով է ասում, համաբալը` ձեռքերով: Թե դրանցից որն է նախընտրելի, կփորձենք պարոն Արզաքանցյանից իմանալ ավելի ուշ, մեկ այլ առիթով:

 

Բարեղամ Ազիզյան