կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-02-05 02:14
Հասարակություն

Վազող տողը կուրացնում է խուլերին

Վազող տողը կուրացնում է խուլերին

Հայաստանի 3500 խուլերը խնդրում են հայկական 18 հեռուստաընկերություններին` բացել որևէ հեռուստահաղորդում, որը կուղեկցվի սուրդոթարգմանությամբ:

 

«Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ի նախագահ Սուրեն Դեհերյանը այսօրվա ասուլիսում հայտնեց, որ խուլերի երազանքն իրականացնելու նպատակով դիմել է ՀՌԱՀ նախագահին: Պատասխան նամակում Գրիգոր Ամալյանը գրել է, թե խուլ ու համր բնակչության` տեղեկություն ստանալու իրավունքը խախտված չէ, որովհետև հեռուստաալիքների լրատվական թողարկումները ուղեկցվում են լուսագրերով` վազող տողով:

 

Թե ինչքանով է վազող տողը հարմար տեղեկություն ստանալու համար, սուրդոթարգմանչի միջոցով բացատրեց «Լռության ձայն» սոցիալական խմբի անդամ Վահե Ալավերդյանը. «Ես գիտեմ լիարժեք կարդալ և գրել, բայց տողը շատ արագ է վազում, տառերը փոքր են, դժվար է կարդալն ու պատկերին հետևելը: Ինձ պարտադրում են մի բան, որն ինձ հարմար չէ»:

 

Վահեն լրագրողներին առաջարկեց ասուլիսից հետո գնալ տուն, անջատել հեռուստացույցի ձայնը և կարդալ վազող տողը. «Չեք հասցնի... Կա’մ ինձ սուրդոթարգմանիչ տվեք, կա’մ լսող դարձրեք»:

 

Անուշն էլ դժգոհեց, որ աչքերը չափազանց լարվում են վազող տողին հետևելիս. ստացվում է` լսողության խնդիրներ ունեցողները, տողի հետևից վազելով, հնարավոր է` կուրանան:

 

«Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ն «Համացանց. հաղորդակցության կայուն կամուրջ խուլերի համար» ծրագրի շրջանակներում կազմակերպում է դասընթացներ լսողության խնդիրներ ունեցող անձանց համար: «Դասընթացների արդյունքում մասնակիցները ձեռք կբերեն լրագրողական և լուսանկարչական գիտելիքներ, նաև առցանց միջոցներից օգտվելու հմտություններ»,- ասաց Սուրեն Դեհերյանը:

 

Իրենց ֆոտոռեպորտաժները խուլերը տեղադրելու են Facebook սոցիալական կայքում` «Լռության ձայնի» էջում:

 

Ասուլիսին ներկա խուլերը խնդրեցին լրագրողներին այդ էջում իրենց տեղեկատվություն տրամադրել, որպեսզի մի քիչ լրացվի սուրդոթարգմանությունների պակասը: