Մենք պնդում ենք, որ կա լրացուցիչ ճանապարհային քարտեզ, որի մասին հայ ժողովուրդը տեղյակ չէ. Իշխան Սաղաթելյան
Քաղաքական

Դժբախտաբար, երեք օր առաջ դավաճանը հայտարարեց իր հերթական կապիտուլյացիոն մտադրության մասին` ասելով, որ առաջիկայում հանձնում են Բերձորը. Ֆրանսիայի հրապարակում «Դիմադրություն» շարժման հանրահավաքի ժամանակ ասաց ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, «Դիմադրություն» շարժման առաջնորդներից Իշխան Սաղաթելյանը:
Նա նշեց, որ Արցախ կատարած վերջին այցից հետո իրենք բազմիցս բարձրացրել են այդ հարցը, բազմաթիվ փորձագետներ, քաղաքական գործիչներ խոսել են այդ վտանգի մասին: Սաղաթելյանը հայտարարեց, որ մի շարք հարցեր ունեն` հրապարակով ուղղելու կառավարությանը:
«Նախ` Արցախ-Հայաստան ճանապարհի մասին, դա իրոք ճակատագրական խնդիր է»,- ասաց նա` հավելելով, որ նոյեմբերի 9-ի հայտարարության 6-րդ կետով այդ ամենը կանոնակարգվում է. «Հայտարարության 6-րդ կետով նախատեսված է հետեւյալը.
«...Լաչինի միջանցքը (5 կմ լայնությամբ), որը ապահովելու է Լեռնային Ղարաբաղի կապը Հայաստանի հետ, ընդորում շրջանցելով Շուշի քաղաքը, մնում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմի վերահսկողության ներքո:
Կողմերի համաձայնությամբ, Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջև կապն ապահովելու համար առաջիկա երեք տարիների ընթացքում պիտի հաստատվի Լաչինի միջանցքի երկայնքով նոր երթուղու կառուցման նախագիծ, որից հետո ռուսական խաղաղապահ զորակազմը կվերատեղակայվի՝ այդ երթուղին պաշտպանելու համար:
Ադրբեջանի Հանրապետությունը երաշխավորում է Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային և բեռնատար միջոցների երթևեկության անվտանգությունը երկու ուղղություններով»:
Ըստ Իշխան Սաղաթելյանի` ներկայացված կետի եւ հայտարարության մի շարք այլ կետերի հետ կապված ողջամիտ հարցադրումներ են առաջանում: Նա թվարկեց դրանք.
«Առաջին` Արցախի և Հայաստանի միջև կապն ապահովելու համար նոր երթուղու նախագիծը պետք է հաստատվեր կողմերի համաձայնությամբ: Ե՞րբ, որտե՞ղ , ի՞նչ պայմաններում և ի՞նչ մակարդակով է այդ համաձայնությունը ձեռք բերվել, կա՞ն, արդյոք, համաձայնություններ և դրանք ստորագրվա՞ծ են: Մենք պնդում ենք, որ այս իշխանությունները դարձյալ ձեր թիկունքում ձեռք են բերել Բերձորը հանձնելու պայմանավորվածություն և կա լրացուցիչ ճանապարհային քարտեզ, որի մասին հայ ժողովուրդը տեղյակ չէ:
Հաջորդը` երեք տարիների ընթացքում պետք է հաստատվեր երթուղու կառուցման նախագիծը, այնինչ` Ադրբեջանը 20 ամսում կառուցել է 32 կմ ճանապարհ և արագացված ընթացքով փորձում է առաջ մղել իր շահերը: Ո՞ւմ է ձեռտու այս շտապողականությունը, ինչո՞ւ է շտապում ՀՀ-ն:
Երրորդ ` Արցախի և Հայաստանի միջև նոր ճանապարհը ենթադրում է նոր կոմունիկացիաներ` գազամուղ, էլեկտրագծեր, հեռահաղորդակցության մալուխ: Ինչպես և ինչ ժամկետներում են լուծվելու այդ հարցերը, ում իրավասության ներքո են լինելու այդ ենթակառուցվածքները և դրանց շահագործման ինչ պայմաններ են սահմանվելու:
Չորրորդ` ինչպես են կառավարվելու ամայի տարածքներով անցնող նոր ճանապարհի սպասարկման և անվտանգության հետ կապված ռիսկերը: Որքանով է երաշխավորված լինելու Արցախ-Հայաստան անխափան ցամաքային կապը:
Հինգերորդ` նոյեմբերի 9-ի հայտարարությունը մի շարք պարտավորություններ է սահմանում ոչ միայն Հայաստանի, այլ նաև Ադրբեջանի համար։ Վերջինս այս ընթացքում ոչ միայն չի կատարել իր ստանձնած պարտավորությունների մի զգալի մասը, այդ թվում՝ 8-րդ կետով ամրագրված` ռազմագերիների, պատանդների և պահվող այլ անձանց փոխանակելու մասով, այլև բացահայտ խախտել է այդ նույն համաձայնագրի հենց առաջին կետը, որում հստակ նշվում է, որ զինադադարից հետո կողմերը պետք է կանգ առնեն իրենց զբաղեցրած դիրքերում։ Սակայն բոլորս գիտենք, թե ինչքան տարածք ենք կորցրել դրանից հետո` Խծաբերդը, Փառուխը, Գորիս-Կապան ճանապարհը և թշնամին դեռ շարժվում է առաջ:
Ինչո՞ւ և ինչպե՞ս է ստացվում, որ նոյեմբերի 9-ի բոլոր կետերը հայկական կողմը հետևողականներ իրականացնում է, իսկ Ադրբեջանը` ոչ: Այս հարցն ունի մեկ պատասխան, որովհետև կառավարության շեմքում նստած են դավաճաններ, որոնք սպասարկում են Ադրբեջանի շահերը և կապ չունեն մեր ժողովրդի հետ»:
Սաղաթելյանը նաև նշեց, որ լավ հասկանում է Շարժման համակիրներին, որոնք ասում են` դուրս ենք եկել փողոցային պայքարի, երկու ամիս է շարունակում ենք այս պայքարը, բայց կապիտուլյանտը կանգ չի առնում, շարունակում է Հայաստանի տարածքների, արցախի հանձնման գործընթացը: Սաղաթելյանը վստահեցրեց, որ` եթե Շարժումը չլիներ, դավաճաններն արդեն ամեն ինչ հանձնած կլինեին:
«Մենք պետք է կանխենք նոր կապիտուլյացիան»,- հայտարարեց նա` հավելելով, որ Հայաստանի ճակատագիրն այսօր որոշվում է Երևանում, ամեն ինչ կախված է Շարժման արդյունքներից և հաջողությունից, նաև նշելով, որ աշխատանք է իրականացվում, որը երբեմն տեսանելի չէ, ստեղծվում են հանձնախմբեր, պայքարի ցանց, և իրենք ակնկալում են ժողովրդի վստահությունը:
Սաղաթելյանը նաև անդրադարձավ այսօր ԱԺ-ում ՔՊ-ի` իրեն ԱԺ փոխնախագահի, իսկ Վահե Հակոբյանին ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոններից ազատելու նախաձեռնությանը: Ըստ նրա` ՔՊ-ականներն իրենց արշինով են չափում, կարծում են, թե դրանով կարող են վախեցնել, շեղել պայքարից, գործունեության վրա ազդել:
Իշխան Սաղաթելյանը շեշտեց` եթե վաղը իշխանությունը ստորագրի հունիսի 3-ի հայտարարությունը և հայտարարի, որ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում, պաշտոններն էլ նրանց կտան, մանդատներն էլ, նաև կպարգևատրեն, բայց համոզված է, որ չեն անի դա, քանի որ սպասարկում են Ալիևի ու Էրդողանի շահերը: Եվ Բերձորի հանձնումը կանխելու միակ ճանապարհը այս իշխանություններին հեռացնել է:
Մանրամասն` տեսանյութում: