close
Եղանակը Երևանում
13 Օգոստոսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
13 Օգս 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Փաշինյանի հետ քննարկման ժամանակ ասացի՝ Աղավնոյի հարցն այսօր չենք քննարկում, մենք բանակցություններ ենք տանում. Արայիկ Հարությունյան

Քաղաքական

30 Հունիսի 2022, 14:04
 Փաշինյանի հետ քննարկման ժամանակ ասացի՝ Աղավնոյի հարցն այսօր չենք քննարկում, մենք բանակցություններ ենք տանում. Արայիկ Հարությունյան

Անկախ  ամեն ինչից՝ մենք Բերձորը պետք է շրջանցենք, և Բերձոր բնակավայրում մեր հայրենակիցների հետագա ապրելու հնարավորությունը շատ քիչ եմ համարում, իսկ Աղավնոյի առումով մենք շարունակելու ենք մեր բանակցությունները, մեր պայքարը․ Արցախի Հանրապետության Ազգային ժողովում հայտարարեց Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը՝ արձագանքելով Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանի հարցերին։

Ընդդիմադիր պատգամավորը մասնավորապես հարցրեց. «Ըստ նոյեմբերի 9-ի հայտարարության՝ երեք տարվա ընթացքում ռուսական տարբերակով «Լաչինի միջանցքով» պետք  էր նախագծվեր այլընտրանքային ճանապարհի պլանը՝  համաձայնեցնելով կողմերի հետ։ Ներկայումս մեզ հրամցնում են մի ճանապարհ, որը Լաչինի միջանցքի երկայնքով է և դուրս է  5 կմ լայնությունից, որի պատճառով էլ ի հայտ է եկել, փաստորեն, Բերձոր, Աղավնո, Սուս համայնքների հայաթափման հարցը։ Նիկոլ Փաշինյանն ասում է, մեջբերում եմ, «այս երթուղու ընտրության հարցում Արցախի  իշխանությունները ներգրավված են եղել,  և մենք առաջնորդվել ենք իրենց  նախընտրություններով»։

Արդյո՞ք  այս նոր կառուցվող ճանապարհը կապ ունի հայտարարության  6-րդ կետում նկարագրված ճանապարհի հետ, թե սա այլ ճանապարհ է և միգուցե բարձրակարգ, տրվե՞լ է համաձայնության ձեր կողմից, թե՞ ոչ, եթե՝ այո, ապա երբ է  տրվել և համաձայնություն տալուց առաջ նախատեսե՞լ էիք վերը նշված  բնակավայրերի հայաթափվելու հարցը»։

Արայիկ Հարությունյանի խոսքով՝ երթուղու հետ կապված ունեցել են մի քանի առաջարկություն և՛ Ադրբեջանի կողմից, և՛ Ռուսաստանի։

«Բոլոր առաջարկությունները մերժվել են։ Առաջարկվող մայրուղին քննարկվել է  մի քանի անգամ անվտանգության խորհրդում, որին մասնացել են  ԱԺ-ում ներկա բոլոր քաղաքական ուժերը։ Մենք ընտրել ենք,  ըստ մեզ, լավագույն  տարբերակը։ Կան  գաղտնիքներ, որոնք ես չեմ ուզում այստեղ բարձրաձայնել։ Ինչո՞ւ ենք ընտրել այդ տարբերակը։  Հենց հիմք ընդունելով անվտանգային հետագա մեր խնդիրը։ Ճանապարհն ավարտելուց հետո մենք հնարավորություն ենք ունենալու մեր կարծիքն  ասելու՝ որակական առումով  համապատասխանո՞ւմ է այն պայմաններին, որոնք մենք ենք ուզում, արդյո՞ք լինելու է անվտանգ։ Իսկ, իմ կարծիքով, շատ ավելի անվտանգ է լինելու»,- ասաց Արցախի նախագահը։  

Ինչ վերաբերում է այդ  բնակավայրերի հայաթափմանը, նա հայտարարեց, որ այդ հարցը այսօր չի քննարկվել։

«Հիմնականում խոսքը գնում է  Աղավնո  բնակավայրի մասին։ Այդ հարցը դեռ չի քննարկվել, բանակցում ենք։  Խոսքը  Բերձորի մասին չէ, քանի որ պարտավոր ենք, հայտարարության համապատասխան կետով, դուրս գանք, իսկ Աղավնոյի հետ կապված  անելիքներ ունենք, այդ ուղղությամբ բանակցությունները շարունակվում ենք, որևէ մեկին չենք ասել՝ դուրս եկեք Բերձորից»,- ասաց նա։

Մետաքսե Հակոբյանն իր արձագանքում նշեց. «Ինձ համար փաստեմ, որ, ըստ էության, 6-րդ կետի շրջանակներում չէ այն, ինչ-որ կատարվել է։  Նիկոլ Փաշինյանն ամեն կերպ փաստում էր, որ յուրաքանչյուր հարց քննարկվել է Արցախի իշխանությունների հետ։ Եթե ամեն բան պարզ է և ստացվում է այնպես, որ, ըստ Փաշինյանի խոսքի, արդեն իսկ համաձայնեցրել էիք ամեն բան, ապա ինչո՞ւ հանրությանը, մասնավորապես՝ այդ շրջանի բնակիչներին չեք տեղեկացնում, թե ինչ ճակատագիր է իրենց սպասվում»։

Արայիկ Հարությունյանը պատասխանեց. «Աղավնոյի հետ կապված՝ ես Հայաստանի վարչապետի հետ քննարկման ժամանակ ասացի՝ Աղավնոյի հարցն այսօր չենք քննարկում, մենք բանակցություններ ենք տանում, այդ հարցը թողեք բանակցային այս փուլում մեր հնարավորությունների շրջանակներում տեսնենք՝ ինչպիսի հնարավոր լուծումներ կան։ Սուսում այս փուլում համարյա բնակիչ չունենք։ Ինչքան գիտեմ՝ Բերձորի և Սուսի բնակիչները սոցիալական ծրագրի շրջանակում իրենց փոփհատուցումները ստացել են»։

«Արդարություն» խմբակցության պատգամավոր Դավիթ Գալստյանն ասաց, որ 2020 թ. նոյեմբերի 9-ն իրենց  համար դատավճիռ չէ, ու եթե կարելի է կողմերից մեկին՝ Ադրբեջանին, գրեթե բոլոր կետերը խախտել, ապա ինչո՞ւ մյուս կողմին չի կարելի կասեցնել գոնե մեկ կետի կատարումը, ապա հարցրեց՝ արդյո՞ք խնդիրը բանակցողի մեջ է։

Արայիկ Հարությունյանն արձագանքեց, որ կարող են հրաժարվել 6-րդ կետի կատարումից, բայց նաև պետք է քննարկել հետևանքները։

«Ես էլ եմ դեմ Բերձորից դուրս գալու քաղաքականությանը։ Եկեք, հավաքվենք, որոշենք։ Անվտանգության խորհրդով քննարկել ենք ու ամենաճիշտը դա ենք համարել։ Եթե մեր որոշումը չեղարկում ենք, հայտարարենք այդ մասին առաջին հերթին Արցախի Հանրապետության բնակիչներին, որովհետև իրավիճակի փոփոխության առումով Երևանում ապրող քաղաքական գործիչները կամ պաշտոնյաները չեն պատասխան տալու, այլ մենք ենք վայրկյանների ընթացքում քաղելու դրա ամենածանր պտուղները, որոնք հավանական եմ համարում»,- հայտարարեց նա։

Ի՞նչ Կը Շահի
12 Օգոստոսի 2022, 19:14 Ի՞նչ Կը Շահի

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica