Կապիտուլյանտները մեդիամանիպուլյացիաների միջոցով մարդկանց շեղում են Բերձորի թեմայից. թուրքագետ
Քաղաքական

Ի տարբերություն Բերձորի քաղաքի, Աղավնո գյուղի բնակչությունը ճիշտ մոտեցում է որդեգրել. գյուղի բնակիչների մեծ մասը չի հեռացել գյուղից` պարզ պատճառով, որովհետև գտնվել է ՏԻՄ ղեկավար` Անդրանիկ Չաուշյանը, որը ստանձնել է պատասխանատվությունը, կարողացել է ապահովել անվտանգության նվազագույն պայմաններ: Այսինքն` գործ ունենք կամքի դրսևորման հետ, որը շատ կարևոր հանգամանք է` եթե կամք ունես քո հողը պահելու, նույնիսկ հարյուր փաստաթուղթ էլ ստորագրված լինի, դու հակառակը կանես. «Դավաճանված Բերձոր. առավել վտանգվող Սյունիք» քննարկման ժամանակ ասաց թուրքագետ Վարուժան Գեղամյանը, որը Բերձոր քաղաքից է, և որի հարազատները նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո ստիպված են եղել լքել քաղաքը, քանի որ ոչ ոք որևէ պատասխան չի տվել` անվտանգության ի՞նչ երաշխիքներ կան:
«Եթե նույն մոտեցումը ցուցաբերվեր Բերձորի նկատմամբ թե՛ Արցախի, թե՛ Հայաստանի դե ֆակտո իշխանությունների կողմից, փաստաթղթի ստորագրումից հետո տանեին զուգահեռ աշխատանք, որ բնակիչների մեծագույն մասը մնար այնտեղ, բանակցություններում ունենալու էինք բոլորովին այլ իրականություն, այլ դիրքեր»,- ասաց թուրքագետը:
Իսկ կապիտուլյանտ իշխանությունները, ըստ նրա, հույսը դրել են այն բանի վրա, որ մեդիա մանիպուլյացիայի միջոցով շեղելու են մարդկանց այս իրադարձությունից, առավել ևս, որ հարցումները ցույց են տվել` հասարակությունը հիմնականում անտեղյակ է կատարվող իրադարձություններից:
«Հույսը դրել են մեդիա մանիպուլիացիայի վրա, տեղեկատվական քաղաքականության շնորհիվ լղոզելու են այս իրադարձություններն, ու մարդիկ չեն կենտրոնանալու այս իրադարձության վրա, քանի որ արանքում հայտնվելու է «ճտիկով գրիչ» կամ այլ հիմարություն, որով կկարողանան շեղել հանրային ուշադրությունը։ Բերձորի կատաստրոֆան կդառնա փոքր կատաստրոֆիկներ, հանրությունն էլ այս փոքրն ավելի հեշտ կհանդուրժի։ Մեր խնդիրն է՝ քանի արհավիրքը տեղի չի ունեցել, հանրային մակարդակում դրա մասին բարձրաձայնել»,- նշեց թուրքագետը։
Մանրամասն դիտեք տեսանյութում: