close
Եղանակը Երևանում
12 Օգոստոսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
12 Օգս 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հենց Փաշինյանն է մեր պետականության ու ինքնիշխանության տակ դրված ռումբը. Վահե Հակոբյան

Քաղաքական

29 Հունիսի 2022, 19:19
 Հենց Փաշինյանն է մեր պետականության ու ինքնիշխանության տակ դրված ռումբը. Վահե Հակոբյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ հուլիսի 27-ին կայացած ասուլիսի հիմնական ուղերձների շուրջ NEWS.am-ը զրուցել է Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանի հետ։

Շուրջ 3,5 ժամ տևած ասուլիսի ընթացքում մի շարք ուշագրավ հայտարարություններ արվեցին։ Ըստ Ձեզ՝ ո՞րն էր այն հիմնական ուղերձը, որ նման ձևաչափով փորձ արվեց ներկայացնել հանրությանը։

Ես խորապես համոզված եմ, որ Փաշինյանի մամուլի ասուլիսի կազմակերպման պատճառը որևէ կերպ այն չէր, որ երկար ժամանակ նման ձևաչափով հարցերի քննարկում չէր եղել։ Բնականաբար, այս ասուլիսի կազմակերպման նպատակը որոշակի մեսիջներ հանրությանը հասցնելն էր։ Ի դեպ, Դուք «հիմնական ուղերձ»-ի մասին հարց հնչեցրիք, բայց ես կարծում եմ, որ նման ուղերձները մի քանիսն էին։

Նախ, իհարկե, կարևորագույն ուղերձը Լաչինի միջանցքին որպես այլընտրանք կառուցվող ճանապարհի և այն շահագործման հանձնելուց հետո Բերձորի ու մոտակա գյուղերի՝ Ադրբեջանին հանձնելու մասին հայտարարությունն էր։ Փաշինյանը բառացիորեն ասաց՝ «երթուղու փոփոխություն տեղի ունենալու պարագայում այն տարածքները, որոնք չեն գտնվել նախկին ԼՂԻՄ սահմանների մեջ, անցնելու են Ադրբեջանի վերահսկողությանը»։

Սրա հետ կապված մի շարք հարցեր են առաջանում։ Նախ, այդ ո՞ր փաստաթղթի կամ այդ ի՞նչ պայմանավորվածության հիման վրա են այս բնակավայրերն անցնելու Ադրբեջանին։ Նույն Փաշինյանը Լաչինի միջանցքին որպես այլընտրանք կառուցվող ճանապարհի մասին խոսելիս մի քանի անգամ հղում  արեց 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը։ Այո՛, այս հայտարարության 6-րդ կետը նախատեսում էր, որ երեք տարիների ընթացքում պիտի հաստատվի Լաչինի միջանցքի երկայնքով նոր երթուղու կառուցման նախագիծ, որից հետո ռուսական խաղաղապահ զորակազմը կվերատեղակայվի՝ այդ երթուղին պաշտպանելու համար: Բայց այստեղ խոսք չկա բնակավայրեր հանձնելու մասին, ավելին, այստեղ առհասարակ Բերձորը՝ որպես բնակավայր, հիշատակված չէ։ Այսինքն, հղվել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը չենք կարող, և նման համատեքստում այս փաստաթուղթը վկայակոչելը բացահայտ խաբեություն է։ Հետևաբար, առկա է նաև այլ պայմանավորվածություն՝ գրավոր կամ բանավոր, որի հիման վրա էլ հանձնվելու են Բերձորն ու շրջակա գյուղերը։ Իսկ եթե չկա նման պայմանավորվածություն, ապա ինչպե՞ս է այսօր Փաշինյանը խոսում այս բնակավայրերն Ադրբեջանին հանձնելու մասին։

Վարչապետի աթոռը զբաղեցնողի այս հայտարարության նպատակն, իհարկե, հանրությանը տրամադրելն էր այս նոր զիջումներին։ Ի դեպ, շատ հետաքրքիր է, և նորից շատ բնորոշ է Փաշինյանին նաև այն, որ հանրությանը տեղեկացնելուն զուգահեռ փորձ է արվում  պատասխանատվության բեռը տեղափոխել երրորդ կողմի, կողմերի վրա։ Պատահական չէ Արցախի իշխանությունների հետ այս հարցերը քննարկելու մասին մի քանի անգամ հիշատակելը։

Իհարկե, այս ամենի ներքո պարզապես աբսուրդային է այն, որ երկրի վարչապետի աթոռը զբաղեցնողը նույնիսկ չի էլ տիրապետում հստակ ինֆորմացիայի, թե որ բնակավայրերի մասին է խոսքը, որքանով են դրանք բնակեցված, ինչպես են լուծվելու այդ մարդկանց խնդիրները և այլն։ Միաժամանակ աբսուրդային, և, ինչու ոչ՝ ողբերգական է մեզ համար նաև այն, որ այս ամենի մասին նման բաց տեքստով հայտարարելուց հետո մենք այսօր չունենք համարժեք, պատշաճ արձագանքներ թե՛ Հայաստանից, թե՛ Արցախից։

Պարոն Հակոբյան, Դուք նշեցիք, որ ասուլիսը մի քանի ուղերձ հանրությանը մատուցելու նպատակ ուներ։ Բերձորի խնդրի մասին խոսեցինք, իսկ որո՞նք էին մյուս հիմնական ուղերձները։

Այո՛, Փաշինյանը մի քանի խնդիր փորձեց լուծել այս ասուլիսի միջոցով։ Գլխավոր մեսիջն, անշուշտ, Լաչինի միջանցքի և Բերձորի ու շրջակա գյուղերի հանձնման մասին հանրության «իրազեկումն» էր։

Մյուս կարևոր ուղերձը «Արցախն Ադրբեջանի կազմում» թեզի հերթական ամրապնդումն էր։ Այս մասին Փաշինյանը նախկինում ևս խոսել է, և վերջին ասուլիսը նույնպես օգտագործեց հանրությանը սա մատուցելու նպատակով։ Եվ ուղղակի զավեշտալի է, երբ որպես հիմնավորում փորձում է նախկին փաստաթղթերին հղում անել։ Սա իսկապես բացահայտ մանիպուլյացիա և խաբեություն է։

Կարծում եմ՝ ասուլիսի հիմնական նպատակներից էր նաև պատասխանատվությունը սեփական անձից օտարելու, ուրիշների վրա դնելու հարցը։ Սա էլ նոր չէ և հերթական անգամ կիրառվեց Փաշինյանի կողմից։ Ի դեպ, այդ «ուրիշների» մեջ բոլորն են մտնում՝ թե՛ «նախկիններ», թե՛ միջազգային գործընկերները, դաշնակիցները․․․ Այսինքն, նպատակը մեկն է՝ հանրությանը տալ ազդակ, որ այսօրվա խնդիրներում բոլորը մեղավոր են, բացի իրենից։

Նպատակ էր նաև սեփական հանրության ահաբեկումը, իսկ թե ո՞ւմ պատվերով՝ դատեք ինքներդ։ Վստահեցնում եմ՝ պատահական չէին հայտարարություններն այն մասին, որ Ադրբեջանը լեգիտիմացնում է հաջորդ պատերազմը, պատահական չէին հայկական զինված ուժերը վարկաբեկող հայտարարությունները, հարցադրումները՝ «այսօր քանի՞ երկիր կա աշխարհում, որ կարող է ասել՝ ես ապահովում եմ իմ անվտանգությունը» թեմայի շուրջ և այլն․․․ Հանրությանը հետևյալ ուղերձն է տրվում՝ Ադրբեջանը պատրաստվում է պատերազմի, լեգիտիմ հիմքեր է ստեղծում, իսկ մենք նորմալ, մարտունակ բանակ չունենք։ Այսօր Փաշինյանը հենց սա է անում, և սա ոչ այլ ինչ է, եթե ոչ սեփական հանրության ահաբեկում։ Պարզ է չէ՞, թե այս ճանապարհով ում օրակարգն է սպասարկում Փաշինյանը։ Իսկ եթե նպատակը այլ ուժերի օրակարգն սպասարկելը չէ, ապա որո՞նք են այսօր այն քայլերը, որ անհրաժեշտ են մեր երկրի պաշտպանունակությունը բարձրացնելու, ապահովելու համար։ Նման իրավիճակում երկրի վարչապետի պաշտոնը զբաղեցնողը 3,5 ժամ ասուլիս տալու ժամանա՞կ ունի, ի դեպ, որի մեծ մասն էլ բացահայտ մանիպուլյացիա է։

Վարչապետը բավական ծավալուն անդրադարձ ունեցավ նաև բանակցային ողջ գործընթացին, իր ստացած ժառանգությանը, ընդ որում՝ անելով պնդում, որ իր ստացած ժառանգությունը ռումբ էր Հայաստանի պետականության և ինքնիշխանության տակ։ Ինչպիսի՞ն է Ձեր կարծիքը այս հայտարարությունների վերաբերյալ։

Ես առհասարակ չէի ցանկանա անդրադառնալ բանակցային գործընթացի պատմության ու բանակցային ժառանգության մասին Փաշինյանի պնդումներին։ Այն ամբողջությամբ՝ սկզբից մինչև վերջ, իրականության խեղաթյուրում ու մանիպուլյացիա էր։ Ցանկացած մարդ, ով քիչ թե շատ ծանոթ է բանակցային պատմությանը, կհասկանա, թե ինչի մասին եմ խոսում։ Գուցե առիթ լինի և մեկ անգամ հիմնավոր, մանրամասն անդրադառնամ այս թեմային, բայց ոչ այս ձևաչափով։ Իրականում Ձեր հարցը մի ամբողջ առանձին հարցազրույցի թեմա է։ Եթե շատ կարճ, ապա կարող ենք փաստել միայն, որ բանակցային գործընթացի վերաբերյալ Ադրբեջանի դիրքորոշումները, անգամ նյուանսների վերաբերյալ Ադրբեջանի մեկնաբանությունները ոչ մի ադրբեջանցի ավելի հաջող չի արել, քան անում է Փաշինյանը։ Եվ իրականում հենց Փաշինյանն է մեր պետականության ու ինքնիշխանության տակ դրված ռումբը։

Փաշինյանը մի քանի անգամ անդրադարձավ նաև Ադրբեջանի այսօրվա կեցվածքին՝ նշելով, որ պաշտոնական Բաքուն այսօր հրաժարվում է երկկողմ հանդիպումներից, հրաժարվում է պայմանավորվածությունները կյանքի կոչելուց։ Զուգահեռաբար, ասվեց նաև, որ Ադրբեջանը փորձում է լեգիտիմ հիմքեր ստեղծել իր կողմից նոր պատերազմ սկսելու համար։ Ի՞նչ կասեք սրա հետ կապված։

Ես արդեն նշեցի, որ այս ամենը Փաշինյանը փորձում է օգտագործել սեփական հանրությանը ահաբեկելու նպատակով։ Տեսեք, մշտապես խաղաղության օրակարգից խոսող մարդն այսօր ասում է, որ Ադրբեջանը հրաժարվում է հանդիպումներից, լեգիտիմ հիմքեր է փորձում ստեղծել նոր պատերազմի համար։ Սրան զուգահեռ, ինչպես արդեն նշեցի, զրոյացնում է մեր բանակի դերը, նշանակությունը։ Սա հոգեբանական տեռոր է մեր հանրության նկատմամբ։ Ի՞նչ է ստացվում՝ հակառակորդը պատերազմի է պատրաստվում, իսկ մենք չունենք պաշտպանվելու որևէ հնարավորություն։ Հետևաբար, պիտի պատրաստ լինենք հնարավոր ամեն ինչ զիջելու՝ պատերազմից խուսափելու համար։ Թուրք-ադրբեջանական օրակարգն ավելի լավ սպասարկել, վստահեցնում եմ, հնարավոր չէ։ 

Աղբյուրը՝ NEWS.am

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica